Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդ պետք է ըլլալ, անհողդողդ մնալու համար այն չուկետին վրա, որ ամեն ազդեցութենե անկախ, որոշված էր և որ ահա անզգալաբար, մեղմիվ կը կորսվի, աչքե անտես կըլլա բոլորովին։


Ընթերցողն է, հասարակությունն է որ կապականե թերթը։ Իր ներգործությունը, որ ուրիշ տեղ սովորաբար փրկարար ու օգտավետ բան մըն է, հոս խանգարիչ ու եղծիչ թթու մը կըլլա։

Եվ լրագիրը, նախ՝ առանց զգալու և վերջեն՝ գիտակցությամբ կը դադրի առաջնորդ մը ըլլալե, խոնարհ հետևորդ մը դառնալու համար։ Ինքը՝ որ ուղին պիտի ցույց տար, հիմա ուրիշներեն կսպասե որ իր հետևելիք ճամփան ցուցնեն։ Իրեն հատուկ կամք ու նպատակ չունի, բացի սկսված գործը աղեկ կամ գեշ շարունակելու ունայն պարծանքեն։ Իր անհատականությունը, իր եսը, այն ատելի եսը վերցած ու տեղը եկած է բազմագլուխ հրեշ մը՝ որ Շվարում կը կոչվի։

Այդ վայրկյանեն, ալ իր նյութականը քիչ շատ ապահովված է։ Ընթերցողը գոհ չէ բոլորովին — որովհետև ընթերցող մը գոհ չի կրնար ըլլալ — բայց դժգոհ ալ չէ. իր ուզած թերթը չէ այս, բայց չուզածն ալ չէ։ Միջակ։ Այն ատեն, իր սովորաբար խոժոռ դեմքին ծալքերը կը պարզվին, ճակտին փոթերը կը հարթվին, շրթունքին վրա հաշտության ծիածանը կերևա. կը ժպտի, ոչ, գեշ տղա չէ այդ լրագիրը. առա՜ջ, եթե իր խելքին, իր ծայրահեղության մեջ մնա՜ր։

Շենքի շնորհքի եկած թերթ է հիմա, ամեն ոք աչքե կան ցընե եթե չի կարդար, գրագետը, ուսուցիչը, բժիշկը, վաճառականը հավասարապես գոհ են անկե, ամեն կարծիքները կը հաշտվին հոն, ամեն խստությունները կը մեղմանան։

Հասարակությունը մանանա մը կուզե ու մանանա մը կը տրվի իրեն։


Եվ սակայն ճշմարիտ օրագիր մը չի կրնար հաշտ երևալ ամենուն. անձնվեր բարեկամներ ու ոխերիմ թշնամիներ