Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՄԵՍՏ ԳՈՐԾԵՐ

Ադրիանուպոլսո մեջ 1856ին սկիզբը հիմնվեցավ «Ի սէր աղքատացելույն Հիսուսի» ընկերությունը։

Մայրաքաղաքեն առաջ, այդ տեղի հասարակությունը ճանչըցեր էր սա ճշմարտությունը թե մեծ գետերը պզտիկ առվակներով կը կազմվին։

Ընկերությամբ գործելու սկզբունքը սա առավելությունն ալ ուներ որ ամեն ոք իր չափով հանրային պետքի մը ծառայելու կը վարժվեր տակավ և անօգուտ ու անպետ կը դառնար այս կամ այն անհատի ապավինելու, և անոր առջև քծնելու սովորությունն՝ որով հայ ամիրայությունը կազմված էր ատենով և որուն, հետադարձ շարժումով մը, վերադառնալնուս մազ մնացած է հիմա։

Եվ մինչդեռ ուրիշ տեղեր ալ ընկերությունները կսկսեին բուսնիլ, ծլիլ, ճյուղավորիլ հարաճուն բողբոջումով և ճիշտ իրենց անիմաստ բազմապատկությանը համար պետք էին թե բահավատություն ներշնչել, երբ դպրոցական գրասեղանեն մինչև շուկային էսնաֆները, խոլական ախտե բռնվածի պես, ի պետս և հանպետս ընկերություններ կը կազմեին, ժողովքներ կը գումարեին, ատենապետներ, գանձապետներ կանվանեին շարունակ, կը միանային, կը բաժնվեին, նպատակ ու ծրագիր կը բարեփոխեին ու օր մը կանհետանային, անդին՝ Ադրիանուպոլսո մեջ հիմնված անդրանիկ Ընկերությունը, գործի մարդոց