Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռքին մեջ, անշշուկ կը շարունակեր, իր պարտքը կը կատարեր անընդհատ և գեթ Ադրիանուպոլսո մեջ մեծ ու պզտիկ տղաներու պակասը չէր զգացներ։

Իր շնորհիվ մեր տնանկները, մեր հիվանդները, մեր պանդուխտները խնամվեցան, հոգացվեցան առանց աղմուկի, առանց ծանուցումի։

Այս անխոսիկ ու համեստ ձևին մեջ՝ ժողովրդին բարերարությունը հոս նորեն դաս մը տվավ անհատին բարերարության, ցուցնելով անոր թե ի՛նչ փափկությամբ ժողովուրդը գիտե ողորմություն տալ։


Այն ընդհանուր քայքայումին մեջ որով մեր բարեգործական ընկերությունները իրենց հոռի մատակարարությամբը փճացան, Ի սեր աղքաաացելույն Հիսուսի նվիրվածը՝ կանգուն մնաց։

Սին վեճեր, եսի դունի կռիվները չի ջլատեցին անոր հաստատ ուժերը. հանրային պարկեշտությունը ու հոգածությունը հսկեց անոր վրա և բավեց անվթար պահելու զայն։ Իր շուրջ քառասուն տարվան արգասավոր պտղաբերությունը ժողովուրդեն եկավ և ժողովուրդին դարձավ նորեն։

Եվ ինքը՝ որ առաքինության ծնունդ էր, առաքինության ծնունդ տվավ. իր անունը հիշեց ամեն տեղացի հայ ամեն հեղ օր նվիրատվության մը հոժարությունը ունեցավ, իր անունով պզտիկ կամ մեծ կտակ մը ընելը բարի սովորություն մը դարձավ, և Ադրիանուպոլսո մեջ քիչեր են որ իրենց չափով չեն տված լումանին այս առաքինության գանձանակին։

Այսպես, երբ մայրաքաղաքի ազգայինք կը թերանան, երբ մեր գլխավոր կենտրոնները կը լռեն, մեր հասարակության թիվին տեսակետով երկրորդական քաղաքի մը հայերը մխիթարական տեսարան մը կընծայեն մեզի, պարծանոք ցույց տալով իրենց Ընկերությունը մերիններեն ծեր ու միանգամայն մերիններեն երիտասարդ։

Այս բեղմնավոր գաղափարին ու պարկեշտ գործադրության