Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու շարունակության բոլոր պատիվը Ադրիանուպոլսո մեր հասարակությանն է անշուշտ, բայց մասնավոր հիշատակության մը իրավունք ունին անոնք որ այս ընկերության հիմնադիրները ու վարիչները եղած են տարիներու երկար շրջանի մը մեջ։

Եվ ինչ որ արժանի է հատուկ ուշադրության, այն է թե այս Ընկերությունը, երիտասարդության գործը չէ եղած բնավ. ու անոր աշխույժեն օգտված, ոչ անոր հիմար անփորձություններեն վնասված է. տարիքոտ մարդոց գործն է այս ընկերությունն ու անոնց հաստատ ու կանոնավոր ընթացքովը քալած է միշտ։

«Ի սէր աղքատացելույն Հիսուսի» ընկերությունը, իր անվան հակադրությամբ, բավական հարուստ է այժմ, իր 20 հասկալվածները տարեկան 150 ոսկվո ապահով հասույթ մը կուտան. քանի մը արժեթուղթ ունի, քիչ մը պահանջ և 400 ոսկի ունի պատրաստ կամ տոկոսի տրված։ Տարեկան նվիրատվություններն ալ ուրիշ 150 ոսկի մը կը բերեն իրեն և ասով կարող կըլլա իր ծախքը գոցելե հետո, որ 200 ոսկիի մոտ է, քիմըն ալ ավելցնել իր դրամագլուխը։


Եթե ներելի ըլլար այս Նեսթորներու ընկերության խորհուրդ մը տալ, այն էր որ ալ հիմա որ հիմունքը հաստատ ու անխախտ են, ազգակիցներու ողորմություն տալու գաղափարին վրա պետք է ավելցնել մեր ազգակիցները ողորմություն ուզելու վիճակին մեջ չձգելու գաղափարը։

Եվ այս ալ ի գլուխ կելլե երբ որ ընկերական գործունեությունը նյութական օգնություններու բարի սովորությունները պահելով հանդերձ, տեղացի հայոց մտավոր զարգացմանն ալ գործածվի։

Այն ընդհանուր համակրությունը զոր շահած է ինք դյուրությամբ, պիտի ընե այս գործը որ իր նպատակին ոչ նվազ օգտակար է և որ այնքան սերտիվ կապված է անոր. աղքատին ողորմի՞լ. հարկավ, բայց աշխատիլ որ աղքատ չըլլան, ինչո՞ւ չէ։