Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սեռերու մեջ ալ իր եզական կարողությունը ցույց տված չլլա, այլ անոր համար որ այսպես ուզած է ինքը։

«Գրելու հանապազօրյա ճիգը, որ խմբագրի մը ճակատագիրն է, ատեն չի ձգեր իրեն մտավոր հանգստի ու ամփոփումի որ անհրաժեշտ է բանաստեղծի մը», կը գրեր Քոփփե իր վերջին թերթոնին մեջ որ միանգամայն իր հրաժարականն էր թատերական քրիթիկի պաշտոնեն՝ զոր այնքան փայլով վարեց Փարիզյան օրաթերթի մը մեջ։

Այդ միջոցին Ֆրանսական Ակադեմիո անդամ ընտրված էր, և անկե ի վեր կը շարունակե իր գրական վաստակը, չի նմանելով անոնց որոնց համար այս ընտրությունը ծուլության ու անգործության վկայականի տեղ կը բռնե։


Իբրև թատերագիր, Քոփփե ավելի վիպական դպրոցին կը մոտենա․ այն դպրոցին որ թատերաբեմին վրա մեծագույն ներգործությունը կընե։ Իր Անցորդը, որ ավելի խոսակցություն մըն է քան թե զատ թատերական կտոր մը, քիչ մը Մառիոն Տըլորմը կը հիշեցնե Հյուկոյին, Հո՛ս ալ անձնամատույց կին մը կա, ազնվության թռիչքով մը բարձրացող, որ կը խղճա իրեն համար ցանկութենե տառապող խեղճ տրուպատուրի մը վրա և անոր անմեղության կը խնայե։ Քռեմոնի վին շինողը այլանդակ մարմնի մեջ բանտարկված մեծ հոգիի մը ու մեծ կիրքի մը վերլուծումն է։ Սերվիրո Թոռելլին — գլուխ գործոցը — Պեշիկթաշլյանի Բրուտոսը միտք կը ձգե։

Այս ամենուն մեջ ոճի, ձևի, արվեստի կատարելությունը՝ զգացմանց բուռն պայքարով մը մղված՝ վսեմի կը հանգի միշտ։

Թատրերգությանցը մեջ՝ միշտ մեծ կիրքերու, սաստիկ վրդովումներու հետ սիրած է զբաղիլ, ինչ որ Հյուկոն թե իր վեպերուն և թե իր թատրերգությանը մեջ ըրած է։