Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր քերթվածոցը մեջ՝ բանաստեղծը իրական կյանքը կառնե. պարզ ու գեղջուկ կյանքը, որ իր սովորական ու անմռունչ գոյությանը մեջ՝ այնքան համեստ դյուցազնություններ, անբարբառ ցավեր, անտես արցունքներ կը պարտկե։ Քոփփե այս ամենը կը տեսնե և, ինչ որ ավելին է, կզգա։

Անշուշտ, իր փարիզցի ու միյակ դասի ընտանյաց զավակ մը ըլլալը՝ նպաստած է իրեն, մոտեն դիտելու ինչ որ անտեսանելի է վեր ի վերո դիտողի մը աչքին։ Իր նկարագրությունները, պատկերները մանավանդ լուսանկարի ճշտությունը ու բոլացումը ունին, պզտիկ տրտմությունով մը խառնված լուսանկար՝ որ ամպամած օդով մը առնված ըլլա։

Այս քերթվածներուն երկար շարքին մեջ առաջին տեղը կը գրավեն իր Մտերմությունները, որոնք սիրված անձի մը հետ խոսակցություն մը կը կազմեն, գլուխ գլխի անցված ժամերու պատմություն, որուն մեջ քերթողը առիթ կը գտնե ամեն առարկաներու վրա իր բառը ըսել, իր գթած ձայնը լսեցնել, իր համեստ իմաստասիրությունը ընել, ամբողջ ներդաշնակություն ու ամբողջ գորով, ճիշտ ինչ որ Բանաuտեղծnւթյnւնը պարտի ըլլալ։


Հետո, իր պզտիկ ոտանավոր պատմությունները հատուկ սեռ մը կը ձևացնեն գրեթե, սեռ մը՝ որ իրն է և որան մեջ հավասարող չունի բնավ։ Անցորդը, եթե թատրերգություն անունը չառներ, առաջինը պիտի ըլլար այս շարքին մեջ որոց մեջ կը փայլին Դարբինները, զոր կարտասաներ ողբացյալ Ադամյան, Բեկորը. Օրհնությունը և ասոնց նման գոհարներ։

Քոփփե իբրև արձակագիր ոչ նվաղ հռչակավոր է․ իր նորավեպերու հատորները միշտ խանդաղատանքի գանձեր կը պարունակեն, պարզ ու անկեղծության շնորհով և իր վերջին հատորը Սուղ և Երկար, նորեն հավաքածո մըն է պզտիկ պատմություններու որոց մեջ երևցող իր բանաստեղծի խառնվածքը՝