Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու մշտատև քննություն մը պիտի ըլլա իրենց ուր դասատուին դյուրահաճ աջակցությունը, քննիչին կամավոր անհոգությունը չպիտի գտնեն մեյ մըն ալ, այլ սուր և անողոք պայքարը Բախտին, Կարողության ու Աշխատության, այն երեք տարերքին որոցմով շինված է այն ավետյաց երկիրը որ Հաջողություն կը կոչվի։

Ու հանկարծակիի եկած կյանքի վաստակներուն մեջ, խստություններու, պատրանքներու անվարժ այս տղաքր, շուտով պիտի խռովին, սրտաբեկ ու դասալիք պիտի ըլլան շուտով, այն հարուստի շփացած տղաքներուն պես որոնք նեղության դիմադրելու կորովը չունին, Օգնության ձեռք մը պիտի հուսան որ պիտի պակսի իրենց, քաջաչերության ձայն մը որ չպիտի հնչե ականջնուն, ու ապրելու հարկին առջև հարկ պիտի ըլլա խոնարհիչ ու ծռիչ։


Մի՛ վարժեցնեք մեր տղաքը ներողամիտ աչառությանը ու անիրավ ակնկալություններու. վարդե անկողիններ՝ զորս ապագան ապահով կերպով պիտի զլանա իրենց, ու ի՞նչ պիտի ըլլան այն ատեն այս սիպարիթները. այլ սորվեցուցեք իրենց խստությանց դիմանալու մեծ գիտությունը։

Երբոր կարելի է արժանիքով հառաջանալ, ինչո՞ւ անարժանության արվեստը սորվեցնել մեր պատանիներուն. անարժանությունը միթե արժանիքեն ավելի՜ դյուրավ կստացվի։

Քննությունը հալոց մըն է ուր նետված խառնուրդը պիտի զտվի, պղինձը, արծաթը ու ոսկին պիտի զատվին. հարկ եղած ջերմության աստիճանով տաքցուցեք ուրեմն զայն. ապա թե ոչ առջի անշահ խառնուրդը դուրս պիտի ելլե նորեն, եթե ոչ վատթարագույն մը։

Եվ սակայն տեսեք անգամ մը կարգերնին չի կրցող փոխողներուն թիվը որքա՜ն պզտիկ է մեր դպրոցներուն մեջ. եթե ավելի շատ ըլլար, մեր հոգաբարձությունները․․․ — ավագերեցները պիտի ըսեի — պիտի կարծեին որ ետ մնացողներու թիվին ստվարությունը իրենց անհոգության պիտի վերագրվեր, և