Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չընելու աշխատության գլուխ կանգնի, ո՞ւր են անոնք որ ամեն գործի մեջ գլուխ ըլլալ կուզեն, կը բարբառին շարունակ. ահա պատվավոր գահերեցություն մը իրենց համար։

Գիտեմ որ այս անփառունակ աշխատությունը իրենց գործը չէ. այնպիսի առաջարկություն մը գտնելու է անոնց որ կարող ըլլան իրենց անունը, նախ իրենց անունը, գործին ճակատը փորագրել տալ։ Եկեղեցի մը շինել, դպրոց մը կառուցանել, այո՛, աղվոր ոսկեզօծ տառերով հոխորտալու համար, ինչո՞ւ չէ. բայց երթալ Սրվանձտյանցին գերեզմանին վրա քար մը դնել, ո՞հ, այդչափ միամիտ չեն մերինները։


Մենք ալ պարզ ժողովուրդին կը դառնանք միայն. այն, պզտիկ թող ըլլա, բայց միշտ անկեղծ համակրություններուն որով հանրային երախտագիտությունը կը ձևանա։ Ան է միայն որ ճշմարիտ թարգմանն է իր զգացումներուն և ամեն անգամ որ տեսնանք այս երեք երիտասարդներուն պես մարդիկ որոնք առանց աղմուկի այսպիսի ազնվական հոգիով մը հառաջ կը նետվին, կը ծափահարենք իրենց։

Թող ուրիշներ խոչընդոտ դնեն ասոնց ոտքին, առջի քայլեն ջանք չի խնայեն ուժաթափ ընելու համար զիրենք։ Դուրյանը՝ պզտիկ թատրերգակ գտնեն ու Մնակյանը՝ մեծ քննադատ, կը հավտանք որ այս պզտիկ չարությունները անզոր պիտի մնան. Դուրյանի Թատրոնը՝ իր արժանավոր ներկայացումը պիտի ունենա, անոր շնորհիվ իր գերեզմանը պիտի զարդարվի և Դուրյան ինքը պիտի ըլլա իր շիրիմը պճնողը ծաղիկներով, առանց ուրիշներուն պես կարոտ ըլլալու մուրացածո դափնիներու։


Դժվարահաճ միտքեր Դուրյանի Թաարանին քննադատները հանդիսացան. առանց վարպետ մը ըլլալու թատրերգական ասպարեզին մեջ, կրնանք հայտարարել սակայն որ բանաստեղծին