Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս գործը այդ քննադատներուն պզտիկ կշիռեն շատ մեծ է դեռ այդ խաղին հղացումը միայն գյուտ մըն է որ Դուրյանի անգամ պատիվ կը բերե, ոճը կրնա պակասություններ ունենալ, տեսարաններ ու բաժանումները կրնան բարեփոխություններու կարոտիլ, բայց շենքը հաստատ ու գեզեցիկ է. ամեն պարագայի մեջ նորելուկ թատրերգությանը նման անշահ խոսակցությանց շարք մը չէ Դուրյանի գործը. ադամանդը կրնա հղկվելու պետք ունենալ և ադոր համար ներելի է միթե հողին մեջ ձգել զայն. և եթե ստույգ է որ Պ. Մնակյան տղայական» գտած է զայն, իրավունք կուտա մեզի ըսելու բոլոր դերասաններուն ինչ որ ատենով ֆրանսացի ազնվականներուն ըսին, երբ իրենց հայրենիքը վերադարձան անոնք.

«Այս մարզիկը ոչ բան մը սորված են, ոչ ալ բան մը մոռցած»։


Կզգամ որ այս միջանկյալ խորհրդածությունները նպատակես շեղեցուցին զիս։

Իմ բոլոր փափագս է վարժեցնել մեր ժողովուրդը ճանչնալու ամեն անոնք որոնք իրեն մեկ համակրական ցույցին արժանանալու համար տարիներ տված են իրենց կյանքեն ու իրենց սիրտեն։

Ու վարժեցնել ժողովուրդը մանավանդ փնտրել գտնելու գերեզմանը անոնց որոնք ոչ ևս են և որոնք իրենց վերջին հանգիստի տեղեն ալ թերևս մեզի կը մտածեն։

Մասիս իր ներկա շրջանեն պարտավորություն մը համրեց իրեն համար, հետզհետե ճանչցնել այն դեմքերը որոնք անհետացած են շատոնց և որոց հիշատակն անգամ կորսվելու վրա էր։

Դուրյանի գերեզմանը զարդարելու խորհուրդը թող մեր միտքը ձգե նաև ամեն անոնք որ գերեզման մը չունին. ազգը իր երախտագիտության ժլատությամբը պիտի քաջալերե արդյոք իր զավակները։