Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունի, երևակայեցեք ընդարձակ դաշտ մր երբեմն կոտրած, սևցած ու տձև քարերով, երբեմն հոյակապ շիրիմներով ծածկված, ոչ իսկ մատ մը տեղ ուր ոսկերոտիք գրաված չլինին. նսեմաստվեր ու անխնամ վայրենի ծառեր որք աստանդ կը տարածեն ոչ թե շուք, այլ կարծես անթափանց մառախուղ մը. ոչ ճամփա և ոչ ուղի առաջնորդվելու այս մեռելոց լաբյուրինթոսին մեջ ուր գերեղման մը գտնել շատ անգամ դժվարին ու երբեմն անհնարին է. ու հարկ է, եթե պետք ունիս համբույր մը տալու սիրեցյալ հողակույտի մր, հարկ է դիմել գերեզմանաց պահապանին, միակ իշխանն ու միակ հպատակն այս ոսկերոտյաց աշխարհին մեջ։

Մյուս թաղերու գերեզմանատուններն ոչ այնքան սգատխուր երևույթ մունին. այդ նոր շիրմաստաններն հետզհետե փոխվելու ու շտկվելու վրա են. անհարազատ զավակներ, ուր լուսավորության անվան տակ ամեն ինչ կը նորոգի, մինչդեռ անոնց ծերունի հավը, Պալըքլըյի գերեզմանոցն, անսասան կը կենա ու ավանդապահ անգղի մը պես անշարժ կը հսկե իր մեռելոց վրա։

Սեդրաքի մարմինն այս գերեզմանոցին մեջ թաղեցին, այնպես փափագեր էր օրհասական երիտասարդը. քույր մը ունի եղեր իրմե առաջ մեռած, անոր քով ամփոփեցին զինքը։ Տիգրան քար մը դնել տվեր էր անոր վրա ու փոքրիկ երկաթե վանդակ մը այս կրկին գերեզմաններուն շուրջն։

Սեդրաքը ծածկող քարին վրա ո՛չ անուն կա և ոչ թվական, այլ երեք բառ միայն կը կարդացվի որ մինչև այսօր բոլոր այցելուներուն հետաքրքրությունը կը շարժե։ «Հանգիստ թողուցեք զինքր» գրված է այս մարմարին վրա. որո՞ւ կուղղվի այս տարօրինակ պատվերն, ո՞վ ննջեցելույն հանգիստը կրնա խռովել արդյոք։

Անոնք որ փափագած են իմանալ այս անանուն ննջեցելույն գաղտնիքն, իզուր պահապանին դիմած են տեղեկություն ուզելու համար, պահապանն իր հսկողության հանձնված մեռելոց նման լուռ էր այս մասին։ Միայն դիտեր էին ոմանք որ սևեր հագած մանկամարդ կին մը ամեն տարի Մայիսի առաջին կիրակի օրը պսակ մը կը բերեր այս լքյալ գերեզմանին։ Պսակ