Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հին պետք է մնան մեր եկեղեցական կանոնները, հին մեր սովորությունները, մեր բարքերը. հին՝ մեր համոզումները, հին պիտի մնա մեր գրականությունը, հնության մեջ լուռ պատկառանք մը կա կարծես որ ամենուն վրա կը ներգործե և ահա գլուխները կերերան հավանության համաշափ շարժումներով:

Մեր մեջ մանավանդ մոլության հասած է այս դավանանքը. վա՜յ անոր որ վաղնջական կարգի մը անիմաստ ձևին վրա կը խնդա։

Ծերունիները կը զայրանան, ու մատնանիշ կընեն նորանշան երևույթը, նորելուկ գաղափար որ հորենական հին համոզումին տեղը կուգա բռնել, մոտան՝ զոր երիտասարդները կը ջատագովեն ամեն բանի մեջ։


Ես կը փափագիմ որ նորասիրությունը չար ոգի մը չի համարվի ու չի դատափետվի մեր մեջ. ամբողջ բարքերնիս կարոտ է վերաշինության. մեր մոլությունները նախ՝ ու հետո մեր առաքինությունները, վասնզի պետք է գիտնալ որ առաքինություններն ալ պետք ունին ուղղվելու։

Մեր մեջ բարեգործությունը եկեղեցի և դպրոց շինելու մեջ կայացած է ցարդ․ այս ճարտարապետական առատաձեռնությունները՝ ալ ավանդության կարգ անցած են. ով որ բարեգործության մը կը խորհի, մատուռ մը կամ վարժարան կանգնելե դուրս միջոց մը չերևակայեր. կը կարծե որ քառակուսի ու ամուր շենքի մը կպչելով միայն իր անունը մոռացութենե կը փրկվի, այս է հին բարի սովորությունը։

Եվ ահա Իզմիրյանց մը կուգա զարտուղության դուռը բանալու. մոտա բարերարն է այս մարդը որ գրական մրցանակ մը հաստատելու գաղափարը առաջին անգամ ինքը կը բերե մեզի։

Մեծատունները կապշին քիչ ժը ու քիչ մըն ալ կը խնդան վրան, հե՜ք անմիտ մարդ որ փոխանակ շքեղ մարմարի մը ճակատը անունը փորագրել տալու, իր ազգին գրականությունը ծաղկեցնելու համար կը շռայլե դրամը։