Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց հառաջադիմությունը մարդկության ճակատագիրն է։ Անոնք որ հնությունը կը պանծացնեն, իրավ որ չեն ճանչնար զայն։

Հասարակություն մը որ հնամոլ բարքեր ունի՝ հետադիմելու դատապարտված կը մնա՝ եթե իր խորհելու, զգալու ու աշխատելու եղանակները չի նորոգե։

Տեսե՛ք մեր արհեստները, անոնք՝ որոնցմով այսքան էսնաֆություններ հաստատված էին՝ չքավորության, աղքատության մոտեցած։

Տեսե՛ք մեր սարաֆները, անոնք՝ որոնցմով այնքան ամիրաներ փայլեցան, հիմա սնանկության դրացի։

Տեսե՛ք մեր վաճառականությունը, ան՝ որով եվրոպական վարկ ու հարգ ստացած էինք ատենով, հիմա անել տագնապի մատնված։

Անոր համար որ այդ արհեստները չի գիտցան ժամանակին հետ նորնալ։

Մոտան ամեն բանի մեջ կար, և փոխանակ օգտվելու անկե՝ մերինները կընդվզեին տնտեսական ու հառաջադիմական այս պայմաններուն դեմ։

Վաճառականը իր պասման չի թողուց ձեռքե. սարաֆը՝ իր տոկոսը։ Ավանդությունն էր այս որ նորաձևության դեմ կը մաքառեր ու կընկճեր։