Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերարկուներ ունին իրենց կռնակը, որոնց սուր թելերը իրենց մարմինը կը խածատեն միշտ ու թույլ չեն տար վատ ու շվայտ խորհուրդներու։ Իրենց ձեռքի գրիչը մեր գիտցած նեղ ու երկայն փայտե գլանիկը չէ. այլ արույրե հատվածակողմ քառակուսի ձող մը՝ որուն սուր անկյունները զայն բռնող ձեռքին փայփայումը կը մերժեն։

Այս խստաբույր մթնոլորտին մեջն է ահա որ մեր բարոյականը՝ նոր գրականության մը հարձակումներուն դեմ պաշտպանելու միջոցներուն վրա կը խորհվի։

Հանձնաժողովը գիտած է նախ որ անբարոյականությունը՝ նույնիսկ Քերականության միջոցով մուտ գտած է մեր մեջ։ Չէ՞ մի որ երկրորդ երեսեն արականի, իգականի բաժանումը նշանակված է և ադկե սկսելով ամեն մեկ էջին մեջ չեն պակսիր անբարոյականության առաջնորդող բացատրություններ, բառեր ու կանոններ։

Քերականության սրբագրությունը՝ իրեն գլխավոր գործ ընել առաջադրած է Հանձնաժողովը։

Անգաղտնապահ չի կոչվելու համար չենք ուզեր իրենց բոլոր կարգադրությունները ամբողջապես ծանոթացնել հիմակուց. բայց մեր ընթերցողներուն արդար հետաքրքրությունը հագեցնելու համար կրնանք այժմեն գաղափար մը տալ կատարված բարեփոխությանը վրա։ Արական ու իգական չկա այսուհետև. ամեն ինչ համասեռ պիտի ըլլա։ Հանձնաժողովը չկրնար թույլ տալ որ ութը տասը տարու տղաք՝ սեռական տարբերության աղիտաբեր գիտակցությունը Քերականության մեջ սկսին։

Բայերուն մեջ՝ առաջին լծորդության իբրև օրինակ գործածվող սիրեմ բային տեղ այսուհետև ատեմ բայը պիտի գրվի որ, թեև անկանոն, բայց դարուս դրական պահանջմանը ավելի կը համաձայնի քան թե սիրեմը որ տղայոց միտքը գրգռելե ուրիշ բանի չի կրնար ծառայել։

Մակրայներուն մեջ վնասակար բառ մը գտնված չէ ցարդ․ բայց շաղկապը իբրև երկու պարբերություններ, երկու անգամներ իրարու միացնող բառ մը ջնջված է այսուհետև։

Հանձնաժողովը կը մտածե որ այս շաղկապին վրա