Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱ՞Ջ ԹԵ ԵՏ

Առջի ժամանակներուն հետ բաղդատելով՝ ուսուցչական վիճակին բարվոքումը մատնանիշ կընեն ոմանք։

Նորեն ընդհանուր համոզումին մեջ զարտուղությո՞ւն մը պիտի ըլլա իմս, երբ ընդհակառակը, ուսուցչական ասպարեզը հետզհետե անկյալ գտնեմ։

Չէ որ մեր ուսուցիչները արժանիքով թերացած ըլլան իրենց նախորդներեն, բայց ապահովապես արժանապատվության տեսակետով շատ պակաս են այն պատվելիներնն զորս հիմա, երեսուն քառասուն տարի վերջը, ծիծաղելի կը գտնենք։

Իրենց ատենին, բարոյական մեծ ազդեցություն մը ունեին ոնոնք ազգին մեջ, իրենց ձայնին պատկառանքով կունկնդրվեր, իրենց կարծիքը միշտ ավելի կը կշռեր քան թե ամիրային կամքը։ Պատվելի՞. այս անունը անգամ մեր նախկին ուսուցիչներուն վայելած ընդհանուր համակրության ու մեծարանքին ապացույցը չէ՞։

Հիմա բառին հետ՝ որ հնություն կը հոտի՝ մեկդի ըրած ենք նաև այն հանգամանքը որ այդ բառը հիշեցնել կուտար մեզի, պատվելի՞. ի՛նչ տխուր հեգնություն մը պիտի ըլլար այժ՛մ այս բառը՝ հատկացվելով անոնց զորս ամենեն քիչ կը պատվենք մեր հասարակության մեջ։