Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատճառը այն է որ ատենով մեր գործի մարդիկը նյութական ավելի կամ նվազ հաջող դիրք մը ունենալնուն համար ինքզինքնին աշխարհի իմաստնագույն անձը ենթադրելու ունայնամտությունը չունեին։ Հիմա տարբեր է կանոնը, ընդունված ճշմարտություն մըն է որ խելքին զորությունը ու քանակությունը ուղիղ համեմատության մեջ է սնտուկի մեջի ոսկիներուն թիվին հետ. մարդս այնչափ ավելի խելացի է որքան դրամ ունի, կը կարծե՞ք որ անխելքությամբ կամ դիպվածո՞վ կը շահվի դրամը, չտեսա՞ք հրապարակագիրները որ այս վարդապետությունը ջատագովեցին։

Դարավերջիկ ու սկեպտիկ այս գաղափարը կը բացատրե մեր ուսուցիչներուն լքյալ ու անտեսյալ վիճակը։

Դասատու մը միշտ ուսյալ մարդ մը կը համարվեր բաղդատմամբ արհեստավորի մը, սեղանավորի մը, վաճառականի մը. իր խորհուրդներուն պետքը կզգացուներ. իր գիտությունը ոսկիներու փայլին առջև չէր նսեմանար։ Պատվելին՝ պատվի տեղը, իր մասնավոր իրավունքները ուներ ու համառությամբ կը պահպաներ զանոնք։

Եվ պետք է ափսոսալով խոստովանիլ որ մենք հրապարակագիրներս չպահեցինք զինքն այն պատվի տեղը որ մեր ավանդությանց մեջ հատկացված էր իրեն։ Ծաղրելով, պարսավելով ու նախատելով, ստորնացուցինք զինքը ամենուն առջև և բերինք այն նկուն ու ողորմուկ վիճակին՝ որ այնքան կը նմանի ծպտյալ սպասավորի մը զգույշ կեցվածքին։


Քիչ մըն ալ իրենք զիրենք պզտիկցուցին. քիչեր կան որ իրենք, պաշտոնին մեծությունը ու սրբությունը գիտնալով անոր պատշաճ անհատական կյանք մը ունեցան։ Գիտենք որ հրապարակագիրներ կան որ հանրային աշխատավորի մը անհատական կյանքը չեն փնտրեր, չեն պրպտեր, անթափանց քողով կը պահեն ներքին կյանքը ու չեն խառնվիր անոնց. մենք