Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս խորհրդածությունները թելադրեց ինծի «Մասիս»ի առաջին թիվին ընթերցումը որ 1850ի հանրային մարդոց դավանանքը կը պարունակե։

Այսօր ահա ճիշտ քառասունըվեց տարի ետքը, երբ նոր սերունդ մը՝ նոր եռանդով մը կը ձեռնարկե այս օրագիրը հրատարակելու, չեմ կրնար դիմանալ անոր ոգին ճշտող հատվածը հոս արտատպելու փափագիս.

«Օրագրին գլխավոր նպատակը ազգը ուղղել, լուսավորել և անոր օգնել պիտի ըլլա։

Այս ճշմարիտ ու սուրբ գաղափարին ծառայությանը սահմանված է այս լրագիրը»։

2 փետրվարի 1852 Ա տարի, 1 թիվ
Մասիս

Խոստովանեցեք որ այս հին մարդոց հրապարակագրությանը մեջ վեհության մը շքեղությունը կա։

Արդարև ճշմարիտ օրագրությունը համոզումի պես անկեղծ, հավատքի պես հաստատ, ու կրոնքի պես սուրբ է, այնքան՝ որ ներելի չէ ամենուն ձեռք երկնցնել անոր։

Պաշտամունք մըն է աս որ իր ծեսերը, արարողությունները ունի։

Հոն՝ ուխտի մը ձգողությունը ու անույշ անուրջի մը անդիմադրելի հրապույրը չզգացողները օտարոտի եկամուտներ են և չպիտի կրնան բնիկ մը դառնալ եթե նույնիսկ բոլոր կյանքերնին մաշեցուցած ըլլան անոր մեջ։


«Մասիս»ը մեծ օրաթերթի մը վերածելու գործը հանդպցնելով այս օրագրին հիմնարկության տարեդարձին, մեր ժամանակակից պատմության մեկ էջը դարձուցած ըլլալու տպավորությունը, գրեթե համոզումը ունինք։

Ամիրաներու վարչությունը բարձող սերունդին գործը վերջացած է ա՛լ։ Սերվիչեններու, Օտյաններու Ռուսինյաններու