Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՍՆ Բ․


ՄՈՌԱՑՈԻՄ

Հունիս ամսո մեջ պայծառ ու անդորր գիշեր մը, Քանլճայի ծովեզրյա ապարանքներեն մին շքեղ կերպիվ լուսավորված էր․ Պետական Խորհրդո հայազգի անդամներեն և Մատրիտի օսմանյան դեսպանատան նախկին առաջին քարտուղար վսեմ. Գևորգ էֆենտի երեկույթ մը կընծայեր իր ընտրյալ հրավիրելոց. դեսպանական մարմինը գրեթե ամբողջովին, Պետական Խորհրդո նախագահը, բարձրադիր իսլամ ու հայազգի պաշտոնատարք և սեղանավորթ իրենց ընտանյաց հետ պատասխանած են հայ քաղաքագետին ընդունելության։

Սրահներեն մին՝ միայն լուրջ ու քաղաքական խոսակցությանց հատկացած է։ Ռուսո-թուրք պատերազմին նախընթաց եղող Պալքանյան ազգաց խռովությունք մտատանջություն կը տարածեն դիվանագիտաց մեջ, խլրտում մը կա, հով մը՝ որ կոհակածուփ կը հուզե սլավյան ազգություններն ու սրատեա անձինք դյուրավ կը ճանչնան հյուսիսի քամին որ փոթորիկ միայն կը ծնանի։

Ուրիշ ակումբ մը երիտասարդաց, որոց մեջ կը նշմարվին դեսպանական փայլուն քարտուղարը, զինվորական կցորդներ, դատական պաշտոնատարներ, տիկնանց շուրջն հավաքված է։ Անդին խաղի սրահը թափուր չէ ու պաքարան իր անխուսափելի տագնապովը կը վարակե իր բոլոր սիրահարները, մեճիտներով սկսեր էին, շուտով գրավներն ոսկվո կը վերածին ու մեծ գումարներ կը շահվին ու կը կորսվին։