Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիկնանց քով ընդհանուր խոսակցության նյութը՝ մեծ ընտանիքի վերաբերող հույն տիկնոջ մը իր ամուսինը թունավորելու ոճրով ամբաստանությունն էր, որ նույն օրն իսկ անմեղության վճռով մը վերջացեր էր։

Ամենքն ընդհանրապես կը քննադատեին երիտասարդ փաստաբան մը որ ներկա էր հոն ու բառ մը չէր արտասաներ այս հարձակմանց դեմ. իր տաղանդո չարաչար գործածելուն մասին եղած դիտողությանց դեմ ժպիտով մը կը բավականանար, ու լուռ, Ժպտուն ու տխուր կը կանգներ անշարժ վառարանին մարմարին կռթնած։

Այս երիտասարդ լռակյացն, որո պերճախոսությունը կամբաստանեին, Տիգրանն էր։ Չորս տարի անցեր էր հորմե հետե սիրով, գրեթե մոլությամբ ընդգրկելով փաստաբանական ասպարեզն, հոն գտեր էր միայն այն մշտատև պայքարն որ իր դյուրահույզ ու մշտագրգիռ հոգվույն անհրաժեշտ էր։ Իր խորին ու լուրջ հմտությունը, խիստ ու անաչառ դատողությունն, հզոր ու հպարտ շեշտը, պերճ ու զարդարուն լեզուն շուտով մեծ անուն ու մեծ համբավ տվեր էին անոր։ Բաղդատաբար քիչ միջոցի մեջ հաջողեր էր ձեռք բերել բարձր դիրք մը որ այս դժնդակ ասպարեզին մեջ հազվագյուտ է։

Շատեր հուսահատ ետ քաշված են և այս մշտատև կռվո կյանքն ամեն արարածի ուժին չի համապատասխաներ։ Տիգրան ընդհակառակն իր մթնոլորտը գտեր էր հոն, այս էր այն ասպարեզն զոր երևակայեր էր միայն հարմար իր անհանդարտ ու դժգոհ ոգվույն ու հոն իշխող ու հզոր ձայն մը վաստակեր էր մինչև իսկ այն բազմաթիվ թշնամյաց քով զորս ընկճելով ու հաղթելով ստացեր էր։

Հարկ էր գոհանալ այս հաջողութենեն որ կույր բախտի մը շնորհը չէր և որ դատական հաղթանակներով ձեռք բերված էր։

Տիգրան՝ մասնավորապես պատժական դատերու մեջ անվիճելի իշխանություն մը ստացած էր. յուր հրաշքները մեկե ավելի էին. կենտրոնական բանտին հյուրերեն որ մեկն իրենց կյանքն, ո՛ր մեկն իրենց ազատությունը կը պարտեին անոր։ Իր անունը վերջին ապավենն էր որում ամբաստանյալն անհավատալի վստահությամբ կապաստաներ և այդ անունն բանտին