Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր առաջին մտածումը չի կրնար հարկավ մեր ողորմելի դպրոցական գործունեութենեն զատ բանի մը դառնալ։

Այն կուրացումին մեջ, որ առհասարակ ինքզինքին հավնող ամեն մարդու և հատկապես մերին պատուհասը եղած է, չենք տեսած կամ չենք ուզած տեսնել որ հայրենակից ուրիշ հասարակություններ որքա՜ն արագաքայլ կը հառաջդիմեն կրթության մեջ։

Մեր թուրք հայրենակիցներուն այս շավղին մեջ կտրած ճամփան այնքան մեծ է որ հիացումով միայն կրնանք զայն գնահատել։

Նախնական, բարձրագույն կրթության ու մասնագիտական ուսուցման հաստատությունները ամեն տարի շարունակ դուրս կը բերեն կարգ մը զարգացած երիտասարդներ, որոնք ամեն ասպարեզներու մեջ իրենց արժանիքը կը հաստատեն։

Թուրք օրագրության վրա պզտիկ ակնարկ մը կր բավե ըմբռնելու համար այն հզոր գործունեությունը, որ իրենց դրական ասպարեզին մեջ ամեն առթիվ կը տեսնվի։

Ասոր դեմ, մեր մեջ, կիսկատար սերտողություններով, կցկտուր բառերով, թութակորեն միտք պահված բացատրություններով միայն պարծեցող պատանիներու, երիտասարդներու շարք մը, որոնց տգիտության անեզրությունը՝ իրոք ապշեցուցիչ է։

Եվ ասոնք իրո՜ք զավակներն են այն աշխատասեր, ուշիմ ու խելացի տոհմին որ Տաճկաստանի մեջ հառաջադիմության տարր մը ըլլալուն այնքան փայլուն ապացույցները տված էր միշտ։

Ապաքեն այս նվաստացումը դժվար չէր գուշակել, ազգին կրթական հաստատությունները միառմի չքացած, ուսուցչական մարմինը խոտորած ու պարտականությանցը... ստորոտը ինկած պահուն՝ մեր տղոց կրթութենեն ակնկալելիք բան մը մնացած չէր։

Եվ երբ մեր հասարակությունը ժողովներու, Խորհուրդներու, Կուսակցություններու սին վեճերովը կը հետաքրքրվեր, երբ