Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դպրոցները թաղականի, հոգաբարձուի, տնօրենի նախանձընդդեմ պայքարներովդ կը լեցվեին, անդին ուրիշները, առանց աղմուկի, ուսանելու կը պարապեին փոխանակ մեզի պես պարապությամբ ուսանելու։


Հորմե հետե Կենտրոնական վարժարանի ուսումնական վիճակը խանգարվեցավ, կրնանք ըսեք որ ոչ իսկ նախակրթարան մը ունինք այսօր. լավ հասկցեք ասիկա, ոչ իսկ ծաղկոց մը։

Ու մի՛ խաբվիք Ուսումնական Խորհրդեն երբոր կելլե վարժապետանոց մը հիմնելու պես խոսքեր կընե, այս այլանդակ գաղափարին իրավամբ զլացված հանրային հոժարությունը շարունակ պահանջելով։

Խորհուրդի մը խորհուրդ մը տալը դժվար է միշտ, բայց չպիտի քաշվիմ՝ թաղական խորհուրդներուն, ասանկ երևակայական վարժապետանոցի մը կամ կրթական տեսուչներու անունով ուզված դրամը մերժելու խորհուրդը տալե։

Ի՞նչ պիտի ըսեիք այն մարդուն որ կռնակը շապիկ մը չանցուցած Միռեն կամ Պոթեռեն հագուստ ապսպրելու կելլե։

Ոչ, այս հեք հասարակությունը շռայլելու դրամ չունի։

Ուսումնական Խորհուրդը արդեն իր խղճին վրա ունի՝ ամեն օր մեյ մեկ ուսուցչի վկայականով փողոցները թափած ողորմելիներու երկար շարքը, զորս անգործ թողուլը պաշտոնի մը դնելե ավելի օգտակար կը համարինք ազգին համար։


Եվ եթե կուզե զմեզ երախտապարտ ձգել ու իրական ծառայություն մը մատուցանել, թող Ավելը ձեռքը առնն, Ավելը՝ որուն ծայրն ալ, կոթն ալ գործածելու տեղ կա, և մաքրե մեզի չորս գործողություն չգիտցող թվաբաններն և ուղղագրություն չսորվող հայկաբաններն, որոնց ճակատը փակցուցած ուսուցչի տիտղոսը շատ չանցած ճշմարիտ անարգանքի մը հոմանիշը պիտի դառնա։