Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրնա ալ պակսիլ, տարեկան 1000 ոսկիով պիտի գոցվի։

Կրնա՞ք խոսք տալ որ այսչափ դրամով միևնույն արդյունքը կարող եք ձեռք բերել հոս, եթե ասոր տասնապատիկն ալ ծախսեք։

Մանավանդ որ, երբ կանոնավոր կազմակերպություն մը առնեք երբ վստահություն մը ներշնչե այս գործը, չի պիտի պակսին հարուստներ որոնք սիրով մեկ կամ ավելի ուսանողի ծախքը պիտի հոգան, ինչպես որ ցարդ հոգացած են անհատական դիմումներու վրա և որոնք, եթե փափագին իսկ այսօր նպաստ մը տալ բարեգործական նպատակով, չեն գիտեր թե ի՞նչ ընելու են կամ որի՛ն հարցնելու են։

Խաղային վարժարաններեն՝ այցելու կամ տանուտեր տնօրեններու համար ստակ պահանջելե բանավոր է կարծեմ աuանկ առաջարկության մը օգտին անոնց պյուտճեներեն մաս մը հատկացնել տալ, օրինակի համար, հարյուրին տասը, և կը հավաստեմ որ Պատրիարքարանեն խրկված տեսուչներու դանկ մը չի տվող թաղականները, սիրով պիտի տան ուզված դրամը երբոր իրենց տղոց ուսուցիչներ պատրաստելու առաջարկությունը՝ լուրջ բանի մը, հավատալի ձեռնարկի մը վերածվի։

Հիմա որ այս կրթական գործին ապրելու պայմանները ճշտեցինք, ուրիշ բան մը չի մնար մեզի բայց միայն արտասվել ասոր վրա եթե դարձյալ կյանքը զլացվի իրեն։ Դուրյանին քսածին պես.

«Եվ մահամերձն ալ կը խնդրե երկու բան,
Նախ՝ կյանքը ու հետո լացող մ՛իր վրան»։