Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՈՐՀՈՂՆԵՐ, ԳՈՐԾՈՂՆԵՐ

Ուշադրություն ըրած եք հարկավ որ խոզ անհամաձայնություն մը կա այս երկու կարգի մարդոց մեջ, որոնք սակայն իրարու հետ միաբան աշխատելով կրնան օգտակար ու արդյունավոր ըլլալ։

Ընդհանուր կանոն է որ գործող մարդը խորհողը քամահրե և փոխադարձաբար ընդունված է որ խորհողն ալ գործողին չհավնի բնավ։

Այս ընդդիմամարտ ու անհաշտ ոգին՝ հասարակության մը գործունեության մեջ անգամ մը մտնելն վերջը, զարմանք չէ որ ամեն ջանք ամուլ դառնա, ամեն ինչ իր պակասավոր ու անբավական վիճակին մեջ հետզհետե ավելի ևս ուժովնա, վասնզի մեր մեջ, ամեն մարդ անսխալ ըլլալու հավակնությունը ունի և չի կրնար զիջանիլ սա ճշմարտությունը ընդունելու թե ուրիշ մը իրմե ավելի ուղիղ տեսնելու կամ գործելու երբեմն կարող կրնա ըլլալ։

Ժողովական մը դրամատեր է, դրամին տարբերությունները հաշվելու կամ շահագործելու միջոցները ուրիշե մը աղեկ գիտե միշտ. ամենքը կը խոնարհին իր այս ձեռնհասության առջև, բայց ինքը այս համեստ դրվատիքովը չի կրնար գոհանալ.