Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետք է նաև որ կրթական հարցերու վրա իր կարծիքը հարցվի, հոն ալ գերակշիռ ձայնը ունենա ինք։

Ուրիշ մը բժիշկ է, հաստատության մը ողջապահիկ կանոնները կրնա ճշտել, բայց իր փառասիրությունը այս սահմանը չընդունիր. հորմեհետե իր «տոքթոր» տիտղոսը հնչեցուց Փերայի փողոցները, ահա ամենագետ մարդը եղած է մեր հասարակության մեջ, և ամեն բանի խելք հասցնելու կը բավե։


Մանավանդ թե ճշմարիտ թշնամանք մը կըլլա իրենց երբոր հրապարակագիր մը, պարզ օրագրող մահկանացու մը, իր գաղափարները, իր առաջարկությունները ներկայացնե։

Բողոքը կսկսի։ Ի՞նչ գիտե այն գրողը․ ի՞նչ կը հասկնա գործեն, խոսիլը, առաջարկելը դյուրին է. բայց գործադրելն ալ մեկտեղ ցուցնելու է. անոր չափ այդ բաները ո՞վ չի դիտեր և սովորական շարքը այս անմիտ առարկություններուն որոնց մեջ Անձնասիրությունը և Ունայնամտությունը ժամադիր եղածի պես զիրար կը գտնեն։

Ու երբոր դեմը եղողին այս բացատրությունը տալով իր լեցուն սիրտը պարպե — ըստ որում միտքը չի կրնար պարպել — այն ատեն ճակատը բաց կը քալե փողոցեն, ֆեսը վեր նետած, թեթև Ժպիտ մր իր հեգնոտ այտերուն վրա, ինքզինքին հավնած երջանիկի մը կամ մեծ գործ մր ըրած մարդու մը երանությանը մեջ։

Պետք չունի բնավ որ պատիվ ընե ուշի ուշով կարդալու ինչ որ օրագրողը, հարկավ իրմե շատ ու շատ ավեքի մտածելե ետքը, իբրև լավագույն խորհուրդը՝ համարձակած է հանրության ներկայացնելու։

Չըմբռներ թե օրագրի մեկ կամ երկու սյունակը լեցնող խոսքերը խղճմտանքի ու պատվո կրկին երաշխավորության տակ արտասանված խոսքեր են, որոնց կշիռը իր փոքրիկ դատողություններեն շատ վեր է միշտ։