Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անուշադիր մարդ մը, օրագրի մը համար՝ սա կամ նա առաջարկությունը, այս կամ այն քննադատությունը ընելեն դյուրին ու զբոսեցուցիչ բան չերևակայեր։

Ու թե որ գիտնա՜ր որ էն չնչին խորհուրդը, էն անկարևոր խոսքը զոր խղճի տեր օրագրող մը կը նետե հասարակության մեջ, քանի՛, քանի՛ անգամ մտածվելե, քննվելե, թեր ու դեմի ամեն առարկությունները կշռվելե վերջը միայն դուրս կելլե։

Թե որ գիտնար թե օրագրողին համար՝ ճշմարիտ երկունք մըն է իր հեք առաջնորդող հոդվածը, որ ահա այնքան բուռն թշնամությանը նյութ պիտի դառնա կամ այնքան հարևանցի դատաստաններու կամ կանխակալ վճիռներու պիտի հանդպի։

Թե որ գիտենա՜ր որ օրագրողը ո՛րքան պատրաստ համակրության ցույցեր, իրեն ընդառաջ վազող ողջագուրանքներ մեկդի դնելով է որ իր խորհող մարդու կարծիքը կարտահայտե, երբ սակայն այնքան դյուրին էր — ոչ թե իր հտմոզումին հակառակը ըսելով, այլ լռություն պահելով միայն, — պահպանել այն բարեկամությունները որոնք իր կռնակը շոյելով՝ բերանը բռնելու կը նկրտին։

Ո՜հ, ապահով եղեք, եթե խղճմտանքի գոհացումե դուրս ոևէ նկատում ունենա՜ր իր առջևը, երբեք չպիտի մատնանիշ ըներ Հիվանդանոցին օր օրե վատթարացած վիճակը, կրթական ստորնացումը, ո՛չ, ասոնց և ո՛չ մեկը պիտի ըներ, գաղափարներու ետևեն վազելու անխելքությունը չպիտի գործեր։