Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ նվիրական էր, անոր մասին ամենափոքրիկ չարախոսություն ամենամեծ ոճիր մ՛էր. երախտագիտությունն այն միակ մնացորդն էր զոր չարվո ու բարվո զգացում կորսնցնող այս մեծ ոճրագործները դեռ կը պահեին իրենց սրտին մեջ։

Օր մը նորատի կին մը բերին հոն որ իր էրիկը թունավորած լինելու ամբաստանության ներքև կը գտնվեր։

Կանանց հատուկ բանտը փոխադրվելն առաջ առժամյա կերպիվ առաջնորդեցին զինքն ընդարձակ, խոնավ ու մթին սրահի մը մեջ, տխուր ու մահազդեցիկ օթևան, ուր տարաբախտ կինը մազ մնաց վախեն պիտի մեռներ։ Իրեն բանտարկության ընկեր ուներ ամբաստանյալներ ու դատապարտյալներ. ահավոր տեսարան մ՛էր այս երկաթներով ծանրաբեռնյալ ավազակներու խումբն որոց ամեն մեկ շարժումը շղթայից շառաչմամբ կը կրկնվեր, որ մեկն անփույթ, զվարթ ու կայտառ, որ մեկը տժգույն, նիհար ու դողդոջուն այս մահվան կապանքներուն տակ։ Հոս պատանի ու գեղանի մարդասպան մը որ ութսունամյա ծերունի մը սպաննած էր ու անոր ցույց տված տարօրինակ դիմադրությունը զարմանոք կը հիշեր, հոն՝ երկար մորուքով, վարդապետի դեմքով դրամանենգ մը, որ իրեն տրված պատմույն ծանրությանը դեմ կը բողոքեր, անդին՝ աներկյուղ հրձիգ մը որ ապահովագրության ընկերութենեն երկու հարյուր ոսկի կորզելու համար ամբողջ թաղ մը կրակի տալու չէր վարանած. քիչ մը անդին երեք չորս անձինք՝ ծանոթներ ու մտերիմներ, որք միատեղ ապրելով բարեկամացած են և որք ապագայի պատրաստություններով ու արդարության ձեռքը չի մատնվելու համար նորանոր միջոցներ մտածելով կզբաղին. ասոնց մոտ ծերունի մը՝ որ պատժական դատարաններն ստացած բազմաթիվ դատապարտությանց շնորհիվ անփորձ իրավագետե մավելի պատժական օրենսդրությունը կը ճանչնա. զորօրինակ նա կը բացատրե նորեկներուն թե դատարանին կողմե ձրի փաստարան մը պիտի ունենան, թե ուրանալե լավագույն պաշտպանության միջոց չունին, թե քննիչ դատավորին բռնութենեն գանգատիլ հարկ է դատարանին առջև։

Նորեկ կինը սոսկմամբ զատվիլ ուզեց այս մեղապարտ ընկերութենեն, բայց ամենուն ծաղրն և հարձակումն իր վրա հրավիրեց․