Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պահպանած ըլլալու անբասիր անցյալը ունի, պետք է որ օրինակելի դաս մը տա իր անհավատարիմ ամուսնին։

Բայց եկու տես որ, պատեհ զուգադիպության մը բերմունքով, երևան կելլե հանկարծ որ տիկինին այս քաջագործությունը սնոտի և հերյուրածո է բոլորովին. իրավ է որ ատենով երիտասարդ մր իր ետևեն պտըտեր է, իր սենյակը մտեր է, բայց ձեռքը թափուր դուրս չէ ելեր, այլ ընդհակառակը այնպիսի հիշատակներով բեռնավորված որ ահա տասը տարի ետքը նորեն իր բերնին ջուրերը կը վազե։ Տիկին Մոնկոտեն կեղծպարկեշտ մըն է ուրեմն, ինչպես կըլլան անոնք որ պարկեշտություն ու բարոյական բառեր բերաննուն չեն ձգեր և ուրիշներուն դեմ աններող ու խստապահանջ կըլլան։

Ինքն է անհավատարիմ կինը, և իր էրիկը ալ պետք չունի քնաշրջիկի հնարքներու կամ գլխիկոր մարդու աղերսանքներուն ապավինելու այսուհետև։

Մոնկոտեն բարձրավիզ է, կը կանգնի իր խաբեբա կնկանը դեմ ու միանգամ ընդմիշտ կազատի անոր հրամայողի ծանր ու անտանելի լուծեն, ասկե վերջը ազատ համարձակ ուզած տեղը պիտի երթա, ուզածը պիտի խմե և ուտե, և կինը ոևէ կերպով չի պիտի խառնվի իրեն, շունչ կառնե խեղճ մարդը, երկար շունչ մը և, հաստատելու համար այսքան դժվարագնի ձեռք բերած իր նոր իշխանությունը, կորոշե որ Լյուսիեն իր սիրած Ֆուժըռոլին հետ ամուսնանա։

Եվ ասով կը վերջանա խաղը։

Օրիորդ Տարպելի Պենկալի դերին մեջ շատ հաջող է. տիկին Մոնկոտենի դերը վարող դերասանուհին ալ իր կեղծավոր ու հանդիսավոր ձևերուն մեջ ճարտարություն ցույց տվավ. նույնպես պ. Մոնկոտենի դերը կատարողը կնկանը լուծին տակ ընկճված ամուսնի վարմունքին մեջ խիստ ծիծաղաշարժ գտնրվեցավ։

Բազմություն չիկար. բայց բարեկենդանի հոգնությունը արգիլած ըլլալու էր շատերը ներկա գտնվելե։

Այս թատերախմբին ներկայացումները Փերայի լավագույն ժամանցը կը կազմեն։