Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՐԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երբոր մեր խմբագրատունեն ներս մտավ, սև վերարկուն պատին քսելով, քամակը ծռած, խոնարհ ու արգահատելի երևալու հայտնի ճիգով մը, համակրելի բան մը չի գտանք վրան։

Գիտեինք արդեն որ այս թափթփած զգեստներուն տակ պահվըտող անձը բավական հարստության մը տերն էր և, տոմինո մը վարձելու պես, առժամանակյա կերպով փոխ առած իր ողորմուկ ձևերուն հակառակ՝ այս մարդը ահարկու նշանակություն մը ուներ իր տեղը։

Ճարպիկ ու սպրդող մարդ էր, աչքի քթթումով մը, խոսվածքին մեջ դրած մասնավոր շեշտովը՝ շատ ավելի բաներ կը հասկցներ քան ինչ որ իրոք դուրս կելլեր իր բերնեն։

Սխալ մը միայն, այն ալ մեզի դիմելն էր, ողոքիլ ձայնով մը որ միտքերնիս է դեռ.

— Վայրկյան մը ձեզի հետ մասնավոր տեսնվիլ կը խնդրեմ...։

Կարծեր էր, որ մասնավոր տեսնվիլը մեր փոթփոթած երեսը պիտի ժպտեցներ և մեծ եղավ զարմանքը երբոր ճամփա