Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա՛լ այսուհետև բարերար չըլլալը չարժեր, քսանըչորս ոսկիով, դուք, ես, ամենքս ալ բարերար պիտի ըլլանք. այս գումարը մեկ տարի մը տալը կը բավե որպեսզի մեր պատկերը ունենանք — յուղանե՞րկ թե մատիտով, այս մանրամասնությունը, որ սակայն իր կարևորությունը ունի, դեռ չէ լուծված — հիվանդանոցին մեջ. ժամանակին Պատրիարքը մեր հոգվոյն պատարագ պիտի մատուցանե և անուննիս պիտի հիշատակե։ Եթե ամեն տարի տանք 24 ոսկի, պատկերնիս հիվանդներու անկողիններուն վրա պիտի կախվի, թերևս պահապան հրեշտակի մը փոխաբերական իմաստովը, եթե հաջորդ տարին չվճարենք, պատկերը անկողնին վրայեն պիտի վերցվի հատուկ սրահի մը մեջ դրվելու համար, այս սրահը կերևի թե բարերարության սնանկացյալներու հատուկ սրահը պիտի ըլլա։

Բայց ավելին կա. սովորական բաժնեթուղթերը չեն կրնար կեսվիլ, օրինակի համար՝ չեք կրնար կես երկաթ ուղիի բաժնեթուղթ մը գնել, վարչական Հանձնաժողովը, որուն գործնական ոգին չենք կրնար չգնահատել, այս դժվարությունն ալ բարձած է։ Երկու հոգի 12ական ոսկի տալով պիտի կրնան բարերարի ամբողջ մը ձևացնել, և այս ամեն մեկ կես-բարերարը ամբողջ բարերարե մը տարբերություն չպիտի ունենա, կեսը ամբողջին հավասար, ահավասիկ թվաբանության խնդիր մը որ Յուսուֆյան Հովսեփ էֆենտիի մաթեմաթիքական ձեռնհասությանը կը պատկանի և որուն լուծումը գալ շաբաթվան իր գիտական քրոնիկներեն կակնկալենք։

Ու կես-բարերարներեն ետքը, քառորդ բարերարներ կուգան, 12նոցներեն ետքը 6նոցները. ասոնք անկողին չպիտի կրնան հաստատել, բայց լավագույն բան մը պիտի ընեն, սեղան մը պիտի տան տարին անգամ մը իրենց անունովը, իսկ հոգվույն պատարագը ու հիշատակը այս քառորդ բարերարներուն համար ալ պիտի ըլլա։


Վարչական Հանձնաժողովին ծրագիրը, ինչպես կերևի, շատ հրապուրիչ է. ասանկ անսովոր աժանություն մը՝ ամենեն մեծ