Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տնտեսական տագնապներուն մեջ անգամ տեսնված չէր. ատեն կորսնցնելու չի գար ուրեմն, որովհետև վայրկյանն վայրկյան գիները կրնան բարձրանալ։ Վարչությունը, որ ստիպողական հարկերու տեղի տված է ընդունելով այս ծրագիրը, կրնա վերադառնալ իր որոշումեն. կրնա ըլլալ որ Հիվանդանոցի մեծ բարերարներուն քով, որպես եղած են Գազազ Ամիրան, Տատյանները և ուրիշ սակավաթիվ ազգայիններ, թույլ չի տա որ 24նոցները գան։

Եվ այն ատեն, երբ գիները մեկեն ի մեկ բարձրանան, հիմակուց քառորդ, կես կամ ամբողջ բարերարի անուն ձեռք անցընողները կրնան անակնկալ շահերով, մեկին տասը վաստկելով ձեռքե հանել և ուրիշի փոխանցել իրենց իրավունքները։

Երևակայեցեք որ ես վաղը առտու կը փութամ Հիվանդանոցի գրասենյակը երթալ և, տարեկան 12 ոսկիի վճարումով մը, կը տիրանամ — և իբրև փաստաբան՝ վավերական հյոճեթ մըն ալ կը պահանջեմ ու կառնեմ — իմ պատկերս անկողնի մը վրա կախել տալու իրավունքին, ինչպես նաև ասոր հարակից մյուս բոլոր իրավունքներուն, և կսպասեմ։

Եթե այս Վարչությունը իր որոշումեն չդառնա, տարակույս չունիմ որ գալիքը գոնե առնվազն պիտի հնգապատկե այս գիները և այն ատեն հաշիվ ըրեք իմ շահս, մեկ տարվան մեջ տվածիս հինգ անգամը պիտի առնեմ, եթե երբեք ուզեմ իմ անմահ բարերարի տիտղոսս, դրամական անձկության հաճախադեպ վայրկյանի մը մեջ, ստակի վերածել։

Ասոր համար ուրիշ բանի մը պետք չունիմ, բայց եթե մեկը գտնել, և, այն օրվան գինին վրա պզտիկ տարբերությամբ, ծախել իմ իրավունքներս նոր կես-բարերարի մը, որ միշտ ամբողջի մը հավասար է։

Կը տեսնե՞ք, որքան շահավետ գործողության մը հեռապատկերը կա առջևնիս։


Լրջությամբ խորհինք այս ամենուն վրա. ունայնամտությունը էապես ու գերազանցապես մարդկային տկարություն