Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մըն է որ պզտիկ կամ մեծ չափով միշտ կրնա շահագործվիր չեմ մերժեր ասկից օգտվելու սկզբունքը, վասնզի շատ աղքատ հասարակություն մըն ենք, և Հիվանդանոցի մը 8—10000 ոսկին վճարել չկրցող ազգ մը խստապահանջ չի կրնար ըլլալ մուրացկանության եղանակներուն վրա։

Բայց... խորհինք նաև թե ի՞նչ կըլլա հետևանքը երբոր վարժեցնենք մեր հասարակությունը այսքան դյուրագնի պատիվներու, 12 ոսկիով Հիվանդանոցին մեջ պատկեր ունենալու իրավունք ու անունի հիշատակություն տալերնես ետքը, քանի մը հազար ոսկի շնորհողին ի՞նչ պիտի ընենք. բոլորովին հույսներս կտրա՞ծ ենք ասանկ բարերարի մը երևումեն։

Եվ ի՞նչ ծիծաղելի բան է այն կարգ մը պատկերներու շարքը՝ անկողիններու գլուխը, զավեշտային մյուսեոն մը՝ ցավի ու տառապանքի հաստատության մը մեջ։

Ի՞նչ պիտի զգան նաև այն մեծ մարդոց ոգիները որոնք Հիվանդանոցին բարերարներն են. իրենց պատկերները, որ կան հոն կախված, չպիտի՞ սարսռան արդար զայրույթով մը, երբոր այս նոր բարերարներու կոտորակները իրենց քովը գան զետեղվիլ ու խրոխտալ։

Կը հասկնամ Հիվանդանոցի Խնամակալության տառապանքը երբոր հասույթի աղբյուր ճարելու համար գլուխը ամեն քարի կը զարնե. բոլոր սրտովս կը հասկնամ իր դժնդակ կացությունը... բայց Խնամակալությունը վստա՞հ է գոնե որ այս անսովոր աժանության գյուտովը՝ իր հեք պատսպարյալներուն փորը պիտի կրնա կուշտ պահել։

Թե որ նորեն անոթության, խեղճության ձայները պիտի լսվին, չարժեր որ, արդեն տարօրինակ կերպով ստորնացած մեր հանրային բարքերը ալ ավելի ստորնացնենք։

Ատենով իրարու անուշ անմահություն կը մաղթեին ուրախության վայրկյաններու մեջ գինիի գավաթները իրարու բախելով. այսուհետև աժան անմահություն պիտի առաջարկեն։