Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը պոռանք երեսն ի վեր թե իր ապիկարութենեն է որ այս կարգի անիմաստ հավաքածոներ միայն ձեռք կանցնե, և Պատրիարքարանը, հարկավ, օգտակար բաներ մը կընե իր պատկառելի լռության մեջ։

Կը մտածենք որ միակ կենսական խնդրին վրա, որ է ազգին դաստիարակության և կրթական ապագային խնդիրը, ոչինչ կամ տածված, դպրոցները բարեկարգելու ոևէ ջանք, ուսուցիչներ հասցնելու ոևէ աշխատություն, դասագիրքեր պատրաստելու ոևէ կանխահոգ միջոց, ազգին գրականությունը ծաղկեցնելու ոևէ քաջալերո՛ւթյուն, այլ անընդհատ գնաց եկավի, ըսավ չըսավի զրույցներ, և չենք հավտար որ իրոք Պատրիարքարանի բոլոր գործունեությունը այս ըլլա, չենք հավտար և լրաբերները կը քամահրենք։


Լավագույն ու ավելի սփոփիչ է ենթադրելը որ լրաբերներն ու օրագիրները անգետ են ազգային վարչության աշխատությանցը. սպասելու անձուկը տառապանք մըն է, հույս մըն է նաև. որքան ալ երկար տևե սպասումը, հոգ չէ. բոլոր կյանքը սպասում մը չէ՞ միթե, պիտի սպասենք ստոյիկ հանդարտությամբ մը որ ազգային կրթության խնդիրը ձեռք առնվի օր մը, պիտի սպասենք որ ազգային իշխանությունը զգա թե ինքը կրթական իշխանությունն է և ասոր մեջ է որ իր ձեռնհասության ապացույցները կը պահանջվին։

Որովհետև Ուսումնական Խորհուրդ մը կազմված է արդեն, Պատրիարքարանը չի կրնար անփույթ և անտարբեր ըլլալ ազգին դաստիարակության հարցերուն. ընդհակառակը, բուն Ուսումն. Խորհուրդը՝ Վարչությունը ինքն է. բուն Ուսումնապետը՝ Պատրիարքը ինքն ըլլալու է՝ գոնե այսուհետև ազգային խնդիրներու առաջին կարգին վրա դնելու կրթական խնդիրը, վասնզի հոն է միայն ճշմարիտ օգուտը, և ով որ թերանա կամ հապաղի անոր մեջ, իր պատասխանատվության բաժինը պիտի ունենա։

Ըսինք որ Պատրիարքարանը անմիջապես Եվրոպա տղաք