Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուգա այս հայտնութենեն, բայց իսկույն առնական կորովով իր սերը կը լռեցնե և կը հայտնե իր կնկանը որ չպիտի երթա այլևս իրեն քով, և թե ամեն հարաբերություն դադրած է իրենց մեջ. միայն գայթակղության մը տեղի չի տալու համար, միևնույն տանը մեջ պիտի շարունակեն ապրիլ, բայց զատ զատ, օտարականներու պես։

Դարբնոցապետը ազնիվ սիրտ մըն է և իր կինը չուշանար ճանչնալու անոր առավելությունները առջի նշանածին վրա որ, փարիզյան շվայտ կենցաղասեր, խոսքը դրժած էր հարուստ աղջկան մը ետևեն վազելու համար։

Քլեռ զղջացած է հիմա իր էրկան դեմ ցուցուցած ատելությանը համար, բայց անոր արհամարհանքին առջև տեղի տալ չուզեր, անոր ոտքը երթալու, աղաչելու չի զիջանիր, ունայն հպարտություն մը զինքը կարգիլե ամեն ատեն։ Էրիկը սակայն միշտ քաղաքավար ու կամակատար կը գտնվի իրեն հանդեպ և ահա Քլեռին եղբայրը, որ Դարբնոցապետին քույրը կը սիրե, անոր հետ ամուսնանալու համար Քլեռեն կը խնդրե որ էրկանը հաճությունը ձեռք բերե։

Քլեռ առիթ մը կը համարի ասիկա իր էրկանր սիրտը կակղըցնելու. խոսքը կը բանա. բայց առջի բառեն Դարբնոցապետը կը մերժե. ո՛չ, ինքը դժբախտ եղած է տը Պոլիեռ ընտանիքեն աղջիկ մը առնելով, չուզեր որ քույրն ալ անոնցմե տղա մը հետ ամուսնանա և իր մերժումը ամեն աղաչանքի դեմ հաստատ և ամուր կը պահե։

Այս փորձը չի հաջողիր ուրեմն, բայց Քլեռի սերը իր ամուսնին հանդեպ ավելի ևս կարծարծի այս ընդդիմութենեն։

Միևնույն ատեն կը տեսնե որ Տըպլինեի դուքսին կինը որ իրենց հյուր եկած է, իր էրկանը ետևեն կը պտտի, անոր գլուխը ելլելու կը նայի, նախանձը իր սիրտը կը կրծե, ինքզինքը չի կրնար զսպել և դքսուհիեն կը պահանջե որ իր տունեն հեռանա, դքսուհին կը դիմադրե և Քլեռ ամենուն առջև կը վռնտե զինքը։ — Ատենով նշանածս առիր ձեռքես, հիմա ալ էրիկս առնելու կը ջանաս, ա՛լ շատ է քու ըրածդ, կորսվե՛ ասկից, կը պոռա անոր երեսն ի վեր։

Բայց դուքսը չի կրնար իր կնոջ եղած այս նախատինքը