Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատճառները միևնույն են. հոս ալ ինչպես ամենուրեք, անարժան ուսուցչություն մը. տգետ, անկարող, օրվան աղային առջև քամակը ծռելու ստորնությամբը իր ոչնչությունը պարտկող, թաղականներ, հողարարձաներ, որոնք իրենց անհատական հաշիվներուն, վեճերուն, կիրքերուն կը զոհեն ոչ միայն եկեղեցվույն, դպրոցին նվիրական շահերը, այլ իրենց զավակներուն ապագան. վաղը, մյուս օր, այդ օտարոտի վարժարաններեն դուրս եկող պատանիները հին լաթերու պես պիտի մերկանան իրենց հայու անունեն սկսելով մինչև իրենց լեզուն, և պիտի ուրանան զիրենք սնուցանող երկրեն սկսելով մինչև զիրենք ծնող հայրն ու մայրը։

Այս ողբալի կացությունը, ուրկե դարանակալ օտարություն մը կը քաջալերվի, կը շարունակե և կը տարածվի ամեն կողմ, բորին պես որ իր դանդաղ ու աննահանջելի վարակումով ամբողջ մարմինը կապականե ու կը փճացնե։

Այս օտար կրթության հետևանքը՝ իր երկրին, իր ընտանիքին անօգուտ ու անտարբեր սերունդ մը հասցնել պիտի ըլլա։

Պակասությունը մերն է միայն եթե ազգային դաստիարակության կենսական հարցը միշտ բարձիթողի եղած է և կամ իբրև թե ամենօրյա հոգածության առարկա ըլլալու եղանակով, ամուլ ջանքերու ու կատարած գործունեության մը մեջ կը թափառի։

Երբ մայրաքաղաքիս մեջ մեր վարժարանները իրենց ափսոսալի վիճակեն փրկելու ամեն առաջարկություն ուշադրության չարժանանար, երբ Փերայի մեջ այսքան հայ աշակերտներ հռոմեական և ուրիշ օտար վարժարանները կը լեցնեն, երբ արժանավոր ուսուցչություն մը կազմելու միակ բանավոր միջոցը կանտեսվի, զարմանալի չէ, որ օտար վարժարանները իրենց մարդորսության մեջ հաջողին։ Անոր հակառակը միայն զարմանալի պիտի ըլլար։

Մեր նախնական վարժարաններուն անկարգության մեկ ուրիշ տխուր արդյունքն ալ սա է որ՝ կայսերական բարձրագույն վարժարաններեն օգտվելու ընդունակ պատանիներ հասցնելն ալ կը դժվարանա, և տերության ու ազգին օգտակար