Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարկ դատեցին բոլոր դատաստանական քննության վրա օր ավուր տեղեկություն հաղորդել իրենց ընթերցողներուն։

Տիգրան, հետամուտ ամեն հռչակ հանող դատաստաններու մեջ պաշտպանության դերն ստանձնելու, ամբաստանելույն փոխանորդությունը խնդրեր ու ստացեր էր. և ի՜նչ չեղավ իր զարմանքին աստիճանն երբ ձերբակալյալ կինը ճանչցավ. այն մանկամարդ հույն աղջիկն էր զոր 4 — 5 տարի առաջ այնքան հիմարությամբ սիրած էր։ Ամուսնանալ ով իր հրապույրը կորսնցուցած չէր. միշտ միևնույն հրդեհող նայվածքը, միևնույն քնքուշ, նուրբ ու մատաղ հասակը, միևնույն ոսկեգույն խոպոպիքն ու վարդաշուրթն բերանն էր զոր ուսանողն այնքան ո՛հ, այնքան եռանդյամբ պաշտեր էր։ Տիգրան զղջաց այս փոխանորդությունն ստանձնելուն. ոճրին ապացույցները բազմաթիվ և հազվագյուտ խնամոք իրարու կապված էին։ Ընդհանուր դատախաղն արտասովոր խստությամբ մը հառաջ կը վարեր այս դատը, մի գուցե անլսելի ըլլար իր ձայնն և իր ձեռոք, բուն իր ձեռոք կախաղանի մատներ այդ պաշտեցյալ գլուխը։ Նախկին սիրո մը մնացորդ մոխիրը կարթննար ու կը բռնկեր, թերևս լավագույն էր ուրիշ պաշտոնակցի մը հանձնել այս դժվարին պաշտպանությունը, բայց որի հավատալ և որի՛ վստահիլ։

Հուսկ ուրեմն որոշեց խույս չի տալ վտանգի պահուն. այս դասալքությունն իրեն չէր վայլեր. պահ մը մոռցված սերն արթննալ կարծեր էր. բայց ո՛չ, անձնասիրության ու եսության զգացում մ՛էր որ զինքը դղրդեր էր միայն։

Անշուշտ ամեն մարդկային ու գերմարդկային ջանք ի գործ պիտի դներ փրկելու համար նորատի կինը, բայց ո՛չ զայն պաշտելուն համար, այլ միայն, ո՛վ մարդկային ունայնություն, ճանչցնելու համար այդ կնոջ որ իր արհամարհած երիտասարդին կը պարտեր իր կյանքը։

Տիգրան քաջությամբ գործի ձեռք զարկավ։

Դատաստանի օրը մոտ էր. Ոճրադատ ատենի սրահն հոն էր ուր կը գտնվի այժմ։ — Դատավարության օրն հասավ, խուռն բազմություն մը անոր ամեն մուտքն ու ելքը գրաված էր, երբ Ոճրադատ ատյանն իր հրապարակային նիստն սկսավ։