Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն ատենվան լրագիրները գրեցին բոլոր այս դատին մանրամասնություններն։ Ամբաստանելույն հարցաքննութենեն ու վկայից տեղեկություններեն վերջն ոճրույն ապացուցման եղանակը կը քննվեր։ Տարօրինակ զուգադիպությամբ ընդհ․ դատախազի օգնականի պաշտոնը կը վարեր Խոսրով։

Պարզ դիպվածի մը բերմո՛ւնք էր թե կանխորոշ վրեժխնդրության մը փափագն որ Տիգրանի դասընկերն այդ աթոռին վրա կը բազմեցներ, ոչ ոք կրնար ստույգը գտնել։

Միայն թե դատավարությունն երկար ու մանրախույզ և ամբաստանության ու պաշտպանության կողմե հավասար համառությամբ նշանավոր եղավ։

Խավարային ու անծանոթ պայքար մ՛Էր որ տեղի կունենար այս երկու մարդոց մեջ. ուսանողության կյանքի սիրային չնչին դիպված մ՛էր որ այս երկու բարեկամներն անհաշտ թշնամի դարձուցեր էր իրարու։

Մեկն իր սերը պիտի պաշտպաներ, մյուսն իր լքման ու մերժման հատուցումը պիտի պահանջեր։

Ընդհանուր դատախազի օգնականն համառոտիվ թվելով ոճրին ապացույցներն ու սպանելույն երիտասարդ ու բարի ամուսին մը լինելն հիշեցնելով, մեծագույն խստության մը հարկը կզգացներ. ամենքն անհամբեր կսպասեին գիտնալ թե ի՛նչ էր պահանջած պատիժն, և այս անհամբերությունն երկար չի տևեց. Խոսրով իր խոսքը շուտով ամփոփեց. մեկ բառով մահվան պատիժ կը պահանջեր մեղապարտ կնոջ դեմ։ Ամբաստանելուն ո՛չ գեղն, ո՛չ երիտասարդությունը չէին ազդեր այս մարմարե սրտին։

Արհավրալից լռությամբ մը ընդունվեցավ այս անլուր խստությունը։

Խոսքը պաշտպանությանն էր։

Իրիկվան ժամը 11ն էր, սրահը մթնցեր ու գերեզմանի լռություն ու ամփոփում կը տիրեր չորս կողմը։

Տիգրան իր շուրջը նայեցավ անգամ մը. թշնամի բազմություն մ՝էր որ զինքը կը շրջապատեր. ամբաստանելույն հանցավորության կանխապես համոզյալ ատյան մէր որ իրեն պիտի ունկնդրեր։ Չըլլա՛ թե անկարող լիներ փրկելու այս թշվառուհին․