Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին։ Միայն galopին տեղ կերևա որ արշավ բառրը գտնված ըլլալու չէր, վասնզի այս վերջին ձևին համար պարերգը կը վերջանար սա բառով։

Կլոր մը ճեմենք։


Ուսկե՞ց ուր այս քատրիյլին երգը միտքս ինկավ այս վայրկյանիս և այս տուները վերհիշեցի. մտավորական ի՜նչ անգիտակից աշխատությամբ է որ այս հեք ոտանավորին տողերը եկան շարվեցան կարգով հիշողությանս առջև, երբ ցնծութենե զվարճութենե այնքան հեռու նյութով մը, մեր պարզամիտ հայերուն կաթոլիկության գիրկը նետվելուն ամենօրյա լուրերովը կը պարապի ու կը տառապի միտքս։

Բոլոր կամքովս կը ջանամ կապ մը գտնել հավատափոխության անդուլ — հիմա գրեթե անվախ ու համարձակ դարձած, սորսորումե հեղեղի վերածված—այս շարժումին և սա ապուշ՝ տողերուն մեջ.

Դուք մեջեն, ես քսվեն,
Անցնինք դիմաց փոխենք տեղ։

Կը ջանամ և կը հաջողիմ գաղտնիքը գտնել, որ սա է կարծեմ։

Այն ատենները ուր այս երգը կերգեինք, պապական հայերն էին որ մեզի կու գային փոխանակ մենք անոնց երթալու։ Անոնց ջոջերն էին, մտավորական ու եկեղեցական ջոջերը որ մայրենի ջոջերն էին վերադառնային — թողություն կը խնդրեմ վենետիկցիներեն՝ մեր Եկեղեցին «մայրենի գիրկը» անվանելուս համար — և հոն կը գտնեին այն մեծարանքը զոր մենք, ափսո՜ս, զլացած չենք նորեկներուն։

Այսպես, երբ հիմա ամեն անկյունեն լուրը կը հասնի, այնքան հաճախած որ անտարբեր կը թողու զմեզ, Գուրտպելենե մինչև Վան, պապական անդուլ մարդորսության լուրը, հայերուն ամեն տեղ կաթոլիկությունը գրկելուն լուրը, ակամա բաղդատությունը կու գա աչքիս առջև հին օրերուն և մեր օրերուն,