Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1901


«ՆՈՐԱՎԵՊ»ԻՆ ՇՈՒՐՋԸ

Պիտի ըսեն ինծի որ ամեն բանի կը խառնվիմ։ Չեմ գիտեր թե փաստաբան ըլլալուս համա՞ր է արդյոք որ ամբաստանյալի մը օգնության կը փութամ. տարտամ բան մը կըսե ինծի որ, ուրիշ ոևէ մեկե ավելի, ինծի կիյնա պաշտպանել «նորավեպ»ը աջեն ու ձախեն արձակված կտրուկ վճիռներու դեմ. կը կարծեմ որ իմ ձայնս եթե ոչ բոլորովին պիտի փրկե, գոնե քիչ մը մտածել պիտի տա անոնց որ հեք պզտիկ բառի մը ետևեն կը հետապնդեն անսովոր խստությամբ մը։ Կը կարծեմ նաև թե այն ազնիվ օտարուհին որ այս բանակռվին առիթ տվավ, վեհանձնության կանոններուն պատշաճ պիտի նկատե որ մեկ հոգի մըն ալ թև ու թիկունք ըլլա այս բառին, երբոր շատերը երես կը դարձնեն անկե։

Իրավ է որ Տիգրան Արփիարյան ի նպաստ անոր պզտիկ ջատագովություն մը փորձեց, նրբամիտ անմեղությամբ մը որ անոր դեմ զինված բանասերներուն լրջությանը ու խրոխտութանը բոլորովին հակառակն էր։ Բայց Մասիսը խմբագրապետը լի կրնալով հորձանքին դեմ ուղղակի ճակատիլ, քովնտի ու վեհերոտ ջանքով մը մեղմացուցիչ պարագաներ մեջտեղ դնելու ձևն առավ։