Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս եղանակը որ իմ խառնվածքիս չի պատշաճիր՝ մեկդի կընեմ ես. և ուղղակի մեր բանասերներուն կամ հայագետներուն քիչ մը իրենց լեզվովը խոսիլ կուզեմ:

Մին կըսե թե «նորավեպ»ը հայ բառակազմության օրենքներուն դեմ ծանր մեղանչում մըն է. մյուսը՝ նոր բառին միայն բայարմատներու հետ զուգավորումը արտոնյալ կը համարի և սակայն ճիշտ այս կանոնը մեջտեղ դրած պահուն է որ անգիտակցաբար կը գործածե նորատի բառը որ ապահովապես իր ըսածին հակառակը կը հաստատե։

Ամեն բանե առաջ, կը հարցնեմ թե ո՞վ հնարեց այն կանոնը որուն համեմատ ածական մը միայն բայարմատի հետ կրնա միանալ եղեր․ հայ լեզվին մեջ կը պակսի՞ ածականի մը գոյականի հետ բառակազմությունը, նույնիսկ նախադրություններու հետ։ Եվ ինչո՞ւ զլանալ նոր բառին՝ ուրիշ իր սեռակից բառերուն ընդհանրապես վայելած մեկ իրավունքը։

Սխալ է նաև կարծելը թե նոր բառը միայն բայարմատներու հետ կը զուգվի. շատ մը գոյականներու հետ միացված կը գտնենք զայն, բացի նորատիեն զոր Ություճյան էֆենտին իր ամբաստանագրին մեջ կը գործածել Չիկա՞ն միթե նորագյուղ, նորաքաղաք, նորաձև, նորատեսակ, նորաղանդ բառերը։ Կը հետևի ուրեմն որ նորավեպի կազմությունն ալ ուղղափառ է ու այդ բառը գործածողները գիտակ կամ անգիտ՛ակ հերետիկոսներ չեն։

Բայց ընդունելով իսկ թե նոր ածականը միայն բայարմատի մը վրա կրնա բարդվիլ, նորավեպ այս կանոնին դեմ ալ չի մեղանչեր. քանի որ հոն՝ նոր բառը՝ վիպել բային արմատր եղող հետ միացված է։

Հիմա որ ցույց տվի որ նորավեպը մեղապարտ ծնունդ մը չունի, կավելցնեմ նաև որ nouvelle բառին պատշաճ թարգմանությունն է ան։

Nouvelle՝ ֆրանսերենի մեջ, և այն առումով որով նորավեպ թարգմանված է մեր մեջ, կը նշանակե պզտիկ պատմություն մը որ միանգամայն իր ձևովը նորություն մըն է. աս է իր բուն իմաստը։

Անոնք որ միաբանած էին «նորավեպ»ը դատապարտելու