Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար, միաբանած են նաև վեպիկ կամ վիպակ բառերը առաջարկելու մեզի, և զարմա՜նք որ այս հմուտ անձերը չեն խորհած երկու բանի, նախ՝ որ մեր լեզուն վեպիկ կամ վիպակ բառերը չունի և երկրորդ՝ որ չի կրնար ունենալ այս բառերը, այն գերազանց պատճառով որ մեր բառակազմության օրենքներուն դեմ կելլեն անոնք։

Առանց հեղինակություն մը ըլլալուս հայ լեզվագիտության մեջ և այն իրավունքով միայն որ ուրիշի մը չափ, եթե ոչ ուրիշե մը ավելի, կրնամ իմ լեզուս գրել և խոսիլ, կը հայտնեմ որ գործածական չէ եղած իկ և ակ մասնիկները բարդել ոչ-թանձրացյալ նյութեր բացատրող գոյականներու քով՝ իբրև նվազեցուցիչ. ակ մասնիկը իր գործածությունը ունի բայարմատներու կամ ուրիշ ոչ թանձրացյալ նյութերու իմաստը տվող գոյականներու քով, բայց հոդ՝ նվազեցուցիչ հանգամանք և արդյունք չունի։

Օրինակի համար, նվազում ի գաղափարով տունը կրնա ըլլալ տունիկ կամ տնակ, բայց կամքը չըլլար կամքիկ, կամքակ. սերը չըլլար սերիկ, սիրակ. լուրեր՝ լուրիկ կամ լրակ և վեպը չըլլար վեպիկ կամ վիպակ, գեթ հայ լեզվի կանոններու համեմատ՝ որոնք բանասերներու դրպաններուն մեջ չեն գտնվիր միշտ։

Ուրեմն նորավեպ բառը, ինչպես բազմավեպը, ինչպես սիրավեպը, ո՛չ անիմաստ և ոչ հերձված մը կը ներկայացնե մեր լեզվին մեջ. իսկ վեպիկ կամ վիպակ բառերը՝ դպրոցականի մը միայն ներելի համարվելու չափ միամիտ ու սխալ կազմվածքներ են։

Նորայր, — ներելի՜ է արդյոք ինծի օգուտ քաղել այս բառեն, իբրև փաստ մը վերը ըսածներուս ի նպաստ, — Նորայր որ հեղինակություն մը համարվելու իրավունք ունի կարծեմ մեր մեջ, չէ վտարած նորավեպը իր Բառարանեն. և հայ գրականությունը իրավամբ նվիրագործած է զայն ավելի քան քսան տարվան միօրինակ ընդունելությամբը։