Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս վախն անոր միտքը խանգարեց։ Մահու ու կենաց վայրկյանն էր. ոտք ելավ դողդոջուն ու ամբաստանյալեն ավելի տժգունած։

Ամեն ոք իր շնչառությունը պահ մը կտրեց ավելի աղեկ լսելու համար, ճանճի բզզյունը պիտի լսվեր հինգ հարյուր հոգիե ավելի խռնված սրահի մը մեջ, երբ ծանր ու հաստատ ձայնով փաստաբանն իր պաշապանության ճառն սկսավ։

Անոնք որ լսեցին, հավիտյան չպիտի մոռնան այդ ձայնն. ի՞նչ ըսավ, ո՜ւսկից սկսավ և ի՜նչպես վերջացուց, ի՞նչ կերպով հաջողեցավ պատռել, թոթափել այն ծանր կասկածներու մթնոլորտն որու ներքև ամբաստանյալը կընկճվեր, ի՜նչ ձևով վանեց այն ատելության ամպն որ բոլոր ունկնդիրները կը գրավեր. ոչ ոք պիտի կարենար ճշտիվ զրուցել։

Նախ իրողություններն ու հետո օրինական ապացույցները քննելով, աննման հաջողությամբ և ջախջախիչ կերպով հերքեմ այն փաստերն, որոնք ճարտար կապակցությամբ մը ընդհ. դատախազին ատենաբանության մեջ՝ ոճրագործությունն ապացուցանելու կը հանգեին։

Բառերը, դաշույնի հարվածի պես սուր ու կտրուկ, մի առ մի կը զարնեին այն կասկածներուն սրոց կշիռեն կախումն ուներ դատին ելքն։

Ու երբ իր հետախույզ ակնարկը կրցավ համոզումը որոշել պահ մառաջ խոժոռած դեմքերուն վրա, երբ ամեն ստվեր փարատած տեսավ դատավորներուն ճակատեն, այն ատեն հիշելով այն անհանդուրժելի տառապանքն ու մահացումն որոնց փափուկ ու սրտաբեկ արարած մը հուսահատ քաջությամբ մը դիմացեր էր, արթնցնելով բանտի ու կապանաց այն անջնջելի օրերու հիշատակը, փաստաբանին հպարտ շեշտը պաշտպանութենե ամբաստանության դարձավ։ Երբեք սրտահույզ ոճն այդքան խորին ու ուժգին չէր դղրդած մարդկային սրտերն։ Ամենքը, քիչ մը առաջ ամբաստանելույն հանցավորության համոզված, հիմա պատրաստ էին անոր անմեղությունը վկայելու։

Կես ժամ միայն տևեց այս զարմանալի պաշտպանությունն և կես Ժամ, դատավոր ու ունկնդիր, փաստաբանին ձայնին անբացատրելի հմայության տակ մնացին։