Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու դարձածը կը պատմեր կիմացներ իսկույն ամենուն իր ղազեթայովը, զգուշանալու էր։ Ու իր ոտք կոխած տանը մեջ խոսակցությունները կընդհատվեին վախցվելով որ հոն ըսվածները մյուս օրվան թերթին մեջ չի հրատարակվին, իրենց անունին հիշատակությամբը, ինչ որ լրումը պիտի ըլլար ամոթի. միամիտ ու անմեղ խոհեմություն հիմակվան սովորության քով որ ամեն տեղ խմբագրին ներկայության անձուկը ունի՝, ամենեն մտերմական բաները հրապարակված տեսնելու համար։

Հետաքրքրությունը և Հարության պզտիկ որդը, որ ամեն մարդու հոգվույն մեջն է, այս օրագրին ընթերցումը կապահովեին։

Կարդալ գիտցողները խիստ փոքրիկ թիվ մը կը կազմեին, բայց կարդացողները, ապահովապես, կը հասկնային կարդացածնին, հիմա կարդալ գիտցողներուն թիվը շատցած է անտարակույս, բայց կարդացածնին հասկնալ գիտցողներուն թիվը նույնքան նվազած կրնանք սեպել, խոտորնակ համեմատությո՜ւն, որ խորհրդածության արժանի նյութ մըն է կարծեմ։

Այն ատեն նորությունները կը սիրվեին։

Հասարակություններն ալ անհատներու պես են, տարիքի շրջաններ ունին ուր հասնելուն կանգ կառնեն, տեսակ մը կայքեր, բացավայրեր են ասոնք ուրկե աջին կարելի է երթալ ինչպես ձախին, և ուր քիչ մը կը մտածեն, շուրջերնին կը դիտեն կարծես, դեպի այս կամ այն կողմը շտկվելն առաջ։

Հայ հասարակությունը այդ միջոցին քիչ մը վարանելե ետքը հաստատ մտադրությամբ մը նետվիլ կուզեր Եվրոպայի մտավորական զարգացման ճամփուն մեջ, ասիկա քիչ մը կանխահաս էր մեզի համար, վասնզի հայտնի վտանգ մը կար որ անոր լուրջ աշխատություններուն հետևելն ավելի՝ արտաքին կարգ ու սարքովը ու վայելչությունովը միայն հրապուրվեինք։

Սերվիչեններ, Օտյաններ, Ռուսինյաններ, Զորայաններ, Ություճյաններ Եվրոպայի գրականութենեն շլացած կը դառնային հոս, այն ատենվան մեր գրչի արտադրությանց հանդեպ՝