Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքզինքնին գտնելով՝ էլեկտրական լույսով լուսավորված քաղքի մը վարժությունը ստացող մարդոց դիրքին մեջ որոնք հանկարծ ռամիկ փեթռոլին կամ նույնիսկ պատրույգով վառված ճրագի մը լույսովը գոհանալու կը պարտավորվին։

Առաջին ըլլվելիքը Պոլսո հայ հասարակության համար լրագրություն մը հաստատելն էր։ Հին օրեն մնացած ամիրա կամ Փարիզեն նոր վերադարձող երիտասարդ, ծերունի եկեղեցական կամ նոր դասախոսելու կոչված վարժապետ, ամենքը համաձայն գտնվեցան այս կետին վրա, ու Մասիսը երևցավ։


Ըսի որ Պատրիարքարանի աղաները պաշտպան կեցան իրեն առջի օրեն և Մասիսք անոնց բերանը մնաց մինչև վերջը, ազնըվականության թեթև հով մը փլեց միշտ այս թերթին մեջ. անոր գաղափարները, լեզուն ու քալվածքը գռեհիկեն զգուշացան, բան մը զոր նախատինքի մը պես անոր երեսին նետեցին ատեն մը։

Վերջեն երբոր օրագիրները շատցան մեր մեջ, իր ուրույնությունը եղավ հանրային խնդիրներու առթիվ կամ գրականության մասին ամբոխին մեջ փեշերը վեր ժողված մարդու կեցվածքը առնել։ Նեղացան իրեն դեմ և նախանձեցան իր վրա։ Ամեն համեմատություն պահելով կրնանք ըսել որ մեր Journal des Debatsb եղավ Մասիսը շատ մը տարիներ։

Տարիքնին առած, լուրջ ու դիրքի տեր մարդիկ կան որոնք օրին մեկը մետաքսե գուլպայի մեջ պարուրված գեղեցիկ սրունք մը կամ հոլանի լանջք մը դիտելու մարմաջեն կը բռնվին ու, հանրային պարասրահը չի համարձակելով մտնել, բարենպատակ հաստատությանը համար տրված պարահանդես մը կերթան կամացուկ մը, պզտիկ դիմակ մը անցուցած երեսնին, համոզված՝ որ հոն երթալնուն լսվիլն ալ չի կրնար իրենց պզտիկություն մը սեպվիլ կամ գայթակղություն մը դառնալ։

Ասոր պես ալ, պատահեցավ որ պետական պաշտոնյաներ կամ ալևոր սրբազաններ հրապարակագրության ախտեն վարակված՝