Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ատեն ատեն ծածկանունով մը երևային Մասիսին մեջ, հանրային վեճերուն խառնվելու համար։

Ժողովրդական չեղավ այս օրագիրը, անջրպետ մը մնաց ամեն ատեն իր և խուժանին մեջ. իր նրբամիտ հեգնություններեն չէր կրնար համ առնել հասարակություն մը որ մյուս լրագիրներուն լեզվին ու ստորին հայհոյությունները լսելու սովորած էր։ Մասնավոր դասակարգի մը թերթը մնաց անիկա, հատուկ առանձնասենյակ ուր կռիվ ու պոռչտուք չի կա, ուր էն ծանր խոսքերն անգամ մեղմ ձայնով կը զուրցվին։ Շատերը եկան անցան անկե՝ բայց ով որ ալ ըլլար եկողը, քիչ ատենեն տանտիրոջ ձևերուն ծալքը կառներ, իր բառերուն ընտրությունը ընելու, երանգները ճշտելու արվեստին վարժությունը կունենար, այնպես որ տանտիրոջ քաշվելեն ետքն ալ անոր ձգած ավանդություննե՛րը անեղծ մնացին հոն մինչև վերջը։

Գրական շաբաթաթերթ ահավասիկ շուրջ տասնըութը տարիներն ի վեր՝ Մասիս նույն ազնվապետական հովը, նույն խղճամիտ ջանադրությունը խմբագրության մեջ ու նույն բարեկրթության մտադրությունը պահած է ամեն առթիվ ու ամեն տեղ։


1878ին ատենները, պատանի մըն էի ու ջերմ հակառակորդ Մասիսին։ Լրագիրին մեջ, Նիկողոս Թյուլպենտճյանի թերթը, իմ բոլոր ուժովս կը մաքառեի ամեն անոնց դեմ որոնց հանդիսավոր ու ճանչված ներկայացուցիչն էր Մասիսը։ Հոնկե կը պատասխանեին ինծի, զիս հերքելու հատկացված տողերուն վրա Կարապետ Ություճյանի հեգնող ծիծաղը կը նշմարեի, ծիծաղ որ դիվային բան մը ըլլալու էր։

Ըսի՞ ձեզի որ իմ դրացիս էր անիկա, Պեշիկթաշ, ճիշտ մեր քովի դրացին։

Առջի հեղ որ մեզի այցելության եկավ անիկա, հետաքրքրությամբ դիտեցի այցելուն. ա՞յս էր այն աներևույթ ոգին որ Մասիսը կերկներ. սովորական մահկանացու մըն էր անիկա և ոչինչ կը զանազաներ զինքը ուրիշներեն. ես իմ երևակայությանս