Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ բոլորովին տարբեր մեկու մը կերպարանքին տակ պատկերացուցեր էի այս մարդը ուրկե թաղական ու քարոզիչ կը դողային։

Այս տեսակ սթափումներ շատ հեղ տեսած եմ իմ շուրջս ալ, իմ անձիս համար արտահայտված։ Զիս՝ պարթև հասակով, գեղեցիկ մորուքով, լուրջ ու խոժոռ մեկը երևակայողներ շատ ունեցեր եմ ու քիչ չեմ զվարճաբեր տեսնելով այս մարդիկը ինքզինքս ճանչցնելուս՝ ապշած, գրեթե չի հավտալու պատրաստ։

Իմ առաջին տպավորությունս ակնածանքով խառն գոհունակության զգացում մը եղավ, Ություճյան մեր դրացին՝ Մասիսի չորս մեծադիր էջերը իմ տրամադրությանս տակ զգացի ու իսկույն պզտիկ ու վեհերոտ փորձով մը մոտեցա իրեն։

Ո՞վ բանաստեղծ չէ եղած քիչ մը տասնըհինգեն մինչև իր քսան տարիները, երևակայեցեք թե ինչ էի ես այդ միջոցին, երբոր հիմա քառսունիս մոտ — ինչո՞ւ ճիշտ քառսունիս մեջ ըլլալս խոստովանելու արիությունը չունիմ արդյոք — դեռ քերթվածներ կը հրատարակեմ։

Այն զոր մատուցի իրեն, նոր մեռած աղջկան մը մահվան առթիվ գրված էր. այն ատենվան տիրող միակ բանաստեղծական ձևն էր աս։

Մխիթարյանները մտցուցեր էին ասիկա մեր մեջ, Պեշիկթաշլյան, Թերզյան, Աճեմյան Վենետիկեն հետերնին իրենց ճամփորդության սնտուկներուն մեջ բերեր էին զայն։ Ոչ ոք կը մեռներ Պոլսո մեջ առանց կանխապես ապահովելու որ իր ետևեն հասցնեն ոտանավոր մը որ սովորաբար սա վերնագիրը ուներ.


Ի ՍԳԱԼԻ ՄԱՀ

ՕՐ․ ՆԵԿՏԱՐ ՍՐՄԱՔԵՇՅԱՆԻ

Այս օրվան պես միտքս է չար ու հեգնող ժպիտը զոր իմ քերթվածիս ընթերցումը պտտցուց Ություճյանի շրթունքին վրա և այն ձեռքի հուսահատեցնող շարժումը որով իմ գեղեցիկ ոտանավորս ինծի վերադարձվեցավ։ Այդ վայրկյանին, իմ բոլոր ատելությունս որ տեղի տալու վրա էր, արթնցավ նորեն