Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս ազնվականներու ջոջերու թերթին դեմ, այնքան որ բոլոր զայրույթս ալ մաղձս Ություճյանեն անցնելով անոնց վրա թափեցավ։

Հոդկե՜ արդյոք մնաց անոնց դեմ այն բոլոր արհամարհանքը զոր մինչև հիմա կը պահեմ սրտիս խորք. չեմ գիտեր։

Մասիսին հետ հաշտվելու ի դերև ելած այս փորձեն ետքը ո՜վ պիտի գուշակեր որ օրին մեկը շաբաթաթերթ Մասիսին մեջ պիտի հրատարակվեր իմ առաջին վեպս։ 1886ին մոտերն էր երբոր Արևելքդ խմբագրական մարմինը որ Մասիսի շաբաթաթերթին ալ խմբագրությունը կը վարեր, կարդաց «Անհետացած սերունդ մը»ին մեկ երկու գլուխները ու հավնեցավ անոր, հիմա միայն կըմբռնեմ որ զիս քաջալերելու կամքեն զատ ոչինչ կրնար իմ հեք վեպս հյուրընկալել տալ Մասիսիե մեջ։

Աղե՜կ եղավ, գե՜շ եղավ ասիկա, լավագույն չէ՞ր ըլլար թե ինծի և թե՛ անոնց համար որոնք իմ գրածներս կը կարդան, որ այդ վայրկյանին նոր մերժումով մը գրական ասպարեզը բոլորովին փակվեր իմ առջևս։

Հիմա, շատ մը տարիներ անցան ատոր վրայեն և սակայն այդ ողորմելի նախափորձին հրատարակվիլը թվական մը կը կազմե ինծի և շաբաթաթերթ Մասիսին համար։ Չեմ կրնար առանց խորապես հուզվելու մտքովս վերադառնալ այդ տարիներուն։ Նորեն երիտասարդանալու պես բաներ մը կզգամ ներսիդիս, նոր կոչում մը, անծանոթ ձայներ կը լսեմ շուրջս։

Ու հետո, իմ խմբագրապետությունս այս շաբաթաթերթին մեջ. տեսեք ուրեմն որ, իմ գիրքս հրապարակագրության մեջ, պարզ զինվորի աստիճանե սկսված բարձրացում մըն էր, եթե նմանությունը ներելի է ինծի։

Ինչ որ կրնամ հավաստել, սա է թե երբեք չի մոռցանք որ այս գրական միակ շաբաթաթերթը վարելու պատիվեն անբաժան էր մեծ պատասխանատվություն մը։

Տարիներու ընթացքին մեջ գաղափարները ու մարդերը փոխված էին բոլորովին, ու այս հեղաշրջումին մեջ Մասիս նորեն գլուխը պետք էր մնալ Պոլսո հայ հրապարակագրության մեջ, ճիշտ ինչպես իր հոյակապ հիմնադիրը պահած էր զայն ցորչափ ինքն էր անձամբ զայն հրատարակողը։