Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես ու բարեկամներս թերացանք թե ոչ այս մտադրություններնուս մեջ, ասիկա մեզի չիյնար վճռել։ Այն ամեն հաջողությունները որոնք աշխատությունով, անձնվիրությամբ կրնան միայն ձեռք բերվիլ, այդ բոլորը Մասիսին բերած ըլլալնուս համոզումը ունիմ, իսկ անոնք որոնք բնածին տաղանդով միայն կը բերվին, ատոնք ալ ունեցա՞նք թե ոչ Մասիսին ընթերցողներուն կիյնա ըսել։


Կես դարի անջրպետ մը կը լեցվի Մասիսին առաջին թիվեն մինչև այսօր։ Մինչդեռ մարդերը կը ծերանան, իրենց հիմնած գործերը օր օրե ավելի կերիտասարդանան, նոր ուժերով կը շարունակվին։ Տարօրինակ ճակատագիր աշխարհային բաներու որ օրագիրի մը մեջ ավելի ուժ, հոգի ու կենդանություն կը դնե քան թե զայն հիմնող մարմնին մեջ։

Պատճառը այն է գուցե որ օրագիր մը, իր ճշմարիտ կոչումին պատասխանելուն, կը դադրի ասոր կամ անորը ըլլալե, հանրության կը պատկանի ա՛լ, ամբողջ հասարակության սեփականությունը կըլլա և պատճառ մը չիկա, որ անոր վիճակակից, չի շարունակվի այդ հասարակության կյանքին բոլոր տևողությամբը՝ իր վրա անեղծ պահելով դրոշմը բոլոր պատմական անցքերուն։

Եվ այսպես երբոր կը տրվի իրեն հիսուն տարիներու շրջան մը բոլորել, իր հիմնադիրեն սկսելով բոլոր աշխատակիցները իրավունք կունենան արդար հպարտությամբ մը ողջունելու զայն։