Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈԻԹԸ ՏԱՐԻ ԵՏՔԸ

Փերա, 1 հոկտեմբեր

Սիրելի բարեկամ,

Ես ալ կզգամ որ Զոլային մահվան առթիվ բան մը գրելու եմ։ Հայերը չեն ճանչնար զինքը և ինչպե՞ս կուզեք որ ճանչնան, քանի որ անոր գործերեն ոչ մեկը հայերենի թարգմանված է։ Այդ գործերը իրենց ֆրանսերեն բնագրին վրայեն կարդացող և չկրցող հասկցող մեկ քանի հոգի՝ այս մեծ մատենագրին անբարոյական հեղինակի համբավ շինեցին մեր մեջ և մեր հասարակությունը անկե զգուշացնելու ելան։ Տղայության ատենեն միտքս մնացած է սոսկումը զոր Վոլթեռի անունը լսելնուս կզգայինք։ 18րդ դարու էն մեծ մատենագիրը պետք էր որ անծանոթ մնար մեր խավարապաշտ ու անմշակ մտքերուն. ահա՛ այս տեսակ բաներով կրնայինք մնալ այն հետամնաց ժողովուրդը զոր ենք։

Այս վերջին մեկ քանի տարիներուն մեջ անաստվածության ամբաստանությունը իր շահեկանությունը կորսնցուցած ըլլալով, անբարոյականության դեմ կռվելու պատրվակով զինվեցան անոնք որոնք դատապարտված են կռնակնին դարձուցած մնալու հառաջադիմության. անբարոյականություն որ, ասոնց խոսքին նայելով, հոլանի ծիծ մը կամ մերկ սրունք մը