Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դատավարությունը վերջացավ, երկբայելի չէր տրվելիք վճիռն, և քառորդ մը վերքն ամենքն ակներև ուրախությամբ ստացան անմեղության վճիռ մը որ միաձայնությամբ տրվեր էր և որ ամբաստանելույն արձակումը կը հրամայեր, մինչդեռ տարաբախտ կինը վախեն ու հուզումեն դողդոջուն սրահին մեջ կը նվաղեր։

Տիգրան չսպասեց շնորհակալության ցույցերու. ամենեն մաքուր ու ամենեն բարձր համբավն ունեցավ այս անլուր հաջողությամբն, ուրիշ բան մը չէր պահանջեր. ինչպես չորս տարի առաջ, հիմա ալ նույնչափ հաստատ էր այս գեղանի կինը չի տեսնելու որոշման վրա. իր մոռացման վրեժը լուծեր էր․ ուստի մեկնեցավ առանց ետին դառնալու։ Եվ ահա այս կերպով վերջացեր էր այն եղերական արկածն որ ողջույն Պոլիսն հուզած էր և որ Գևորգ էֆենտիի սրահներուն մեջ, ինչպես այլուր, տիրող խոսակցության նյութն էր։

Սրահներն հետզհետե կոգևորեին, երեկույթն իր ամենեն մեծ փայլն ու զվարթությունն ստացեր էր. պարերն իրարու կը հաջորդեին, ու չի պարողները քարափին վրա կամ ծովահայաց սրահներուն մեջ կը շրջեին։

Տիգրան շուտով խույս տվեր էր զինքն հալածող հետաքրքիրներեն. ամենքն անոր բերնեն լսել կուզեին այս սրտահույզ ոռամին մանրամասնությունները. Տիգրան սիրտ չուներ անոնց Հազարումեկ հարցմանը պատասխանելու. առանձին ու կիսաստվեր սենեկի մը բաց պատուհանին մոտ երերուն թիկնաթոռի մը մեջ տարածվեր էր ու ծովը կը դիտեր։

Հիրավի զմայլիչ տեսարան մ՛էր որ իր տրտում ակնարկին առջև կը պարպվեր։

Կես գիշերը ժամ մը կանցներ, ու լուսինն իր լրման մեջ պայծառ ու կապույտ երկնից կամարին վրա կը շողար, ծովն հանդարտ էր, ուր կանդրադառնար երկինքն իր կապույտովն ու անհամար աստղերով. ամառվան այն անբացատրելի գիշերներեն մին էր որով Վոսփորն այնչափ դյութիչ է։ Բնության այս անդորրությունն ու պարզությունը զինքն հափշտակեց, մոռցավ երեկույթը, սրահը, բազմությունն ու երաժշտության