Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ անսովոր դեմքեր, ձևեր կը նշմարվեին, քանիցս նիստ կազմած էր այս սրահին մեջ։

Ովքե՞ր էին ասոնք, պիտի ըսեր ռուսահայ մը։ Պարզապես Պաքուի տրամաթիք խումբն էր ասիկա որ ուրբաթ զիջեր Շիրվանզատեի ամենեն խորունկ և ամենեն դառն մեկ փիեսի Պատվի համարի ներկայացումով սկսավ։

Ամփոփեմ նյութը։

Պ. Անդրեաս էլիզբարյան ջոջ վաճառական է։

Չքավորութենե ճամփա ինկած անձ որ ինքնիրեն դիզած է իր հարստությունը և որ օր մը պիտի պոռա իր զավակներուն երեսին.

— Ես իմ հորից փող ե՞մ ստացել, թուք ու մուքով, զրկանքներով, քաղցած փորով եմ ես մարդ դարձել։

Դրամապաշտ պուրժուազիի թիփն է ան, մարդկության վախճանը միմիայն դրամի մեջ փնտրող։

Իր գործի մարդու տաղանդը առուտուրի կյանքին սովորական խորամանկություններովը ու նենգություններովը ձևացած է։ Սողոսկող ու ամբարտավան, կտրիճ ու վատասիրտ միանգամայն։

Իր պարտամուրհակները փրոթեսթ եղած չեն. պատվավոր մարդ ուրեմն, իր շահատակությունները հայտնված չեն. ուստի հարգելի և ազնիվ անձնավորություն, ազնվաշուք մը, թե որ անպատճառ փափագիր, ի հարկին կարող իր հափշտակություններն մաս նվիրել ազգային ուսումնարան մը հիմնելու համար․ ազգային բարերար մը, թե որ կուզեք։

Արգյոք Շիրվանզատե Պոլի՞ս ապրած է։ Հարստության հիմնական մասը իր առևտրական ընկերոջը մահվընեն օգտվելով կողոպտած բաժինն է և այս պիտի ըլլա բոլոր փիեսին առանցքը։

Այս ազնվաշուքը իր թալանած ընկերոջը որբերուն ողորմություն տալով մեծցուցած է զանոնք։ Չըսի՞ ձեզի թե բարերար մըն է։

Այս է մարդը։ Զզվելի հարկավ, բայց ոչ վճռական չարագործը։ Ահավորը՝ անոր կնոջ եղբայրն է. Սաղաթելը՝ իր գործերուն օգնականը ու չար ոգին անոր. այն կը մղե զինքը միշտ