Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեպի չարը, դեպի ապիրատությունը. Իակոն՝ այս գրամապաշտ եթելլոյին։

Տեսարանը իսկապես զարհուրելի է երբոր երկու չարագործները իրենց թալանին փայ ու բաժինին մեջ իրարու դեմ կելլեն։

— Խոստումդ կատարե՛. բաժինս տուր թե ոչ գիտեմ ընելիքս, կը գոչե Սաղաթել։

— Հետո կուտամ։

Այս «հետո կուտամ»ը չեք գիտեր որքան հոգեբանապես ուղիղ է։ «Հետո կուտամ»ը կը նշանակե որ խոսքեն պրծելու պատրաստվող անձը դեռ չի համարձակիր դիմակը վար առնել, կը նշանակե ժամանակ վաստկիլ, որպեսզի վարժվի իր դրժումին ու անոր քաջությունը ունենա։

Անդրեաս էլիզբարյան չորս հասուկ զավկի տեր է։ Բայց անոնք որքա՜ն նկարագրով տարբեր են իրարմե։

Բագրատ էնժենիյոր է. դրամական ու նյութական փիլիսոփայությամբ սնած երիտասարդ, մին անոնցմե որոնք սրտի խղճահարությունները չեն ճանչնար։

Իր աստվածը բանականությունն է, ուրիշ բառով օգուտը միայն։ Այս թիփը պուրժուայի զավակն է, պատրաստ ուրիշի վրա նետվելու, բայց թույլ չի տալով որ ուրիշ մը համարձակի իրմե փող կորզել։ Այսպես, տեսնելով, որ Սաղաթել ծախսի հաշիվներու վրա վերադիրներ, խամիններ կընե, Բագրատ կը գոչե անոր երեսին.

— Իմ գործերու մասին ձեռներդ մաքուր պահե՛։

Իր քույրը Ռոզինա հարուստի շփացած ու փճացած աղջիկն է. արդուզարդի ունայնությանց և իր պատկանած դասակարգին իրավունքները խստությամբ պահպանելու հետամուտ։ Չի ներեր որ ծառան Վարդանը՝ ես ու դուն որ խոսի հետը։ Ազգային զգացումն ալ բացակա է իր սրտեն։ Օտարացած աղջիկ։

Մյուս եղբայրը, տանը անառակ որդին, Սուրենն է, մսխող, խաղամոլ ու զվարճասեր տղա, որուն սակայն հոգիին մետաղը ազնիվ ու մաքուր է։ Իրենց հարստությանը աղտոտ ծագումին վերահաս եղածին պես, իսկույն կը պատրաստվի անկե հրաժարելու, մինչդեռ Բագրատ, հորը արժանի զավակ, ամեն նենգության աջակից ըլլալու պատրաստ է այդ հարստությունը